Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը դատական առաջին նիստում ինքնաբացարկ հայտնեց, նիստն ավարտվեց, տեղեկացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Կաթողիկոսը ներկա է եղել նիստին։ Նրան և 6 եպիսկոպոսներին մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։
«Վեհափառ հայրապետին և սրբազան հայրերին մեղադրում են իրենց կանոնական լիազորությունների իրականացման հարցում։ Այսինքն՝ պետությունը՝ ի դեմս քննչական մարմնի, դատախազության և դատարանի, ներխուժել է եկեղեցու ներքին կյանք։ Սա արգելված է ինչպես օրենքներով, այնպես էլ միջազգային իրավունքով։ Հիմա ունենք այս ամոթալի իրավիճակը»,- ասաց Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել քննել այս գործը։
«Ես դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի»,- ասաց փաստաբանը։
Նա հայտնեց, որ ավելի ուշ գործը կփոխանցվի այլ դատավորի և կնշանակվի նոր նիստ։
Հավաքվածները երթով Կաթողիկոսի հետ գնում են Էջմիածին, որտեղ Գարեգին Բ-ն կդիմի ժողովրդին։


