Սփյուռքի Հայ Եկեղեցին պաշտպանել է Գարեգին Բ-ին. թեմերն ու Պատրիարքությունները դատապարտել են Կաթողիկոսի դեմ իրականացվող հետապնդումները

07.08.2026, 14:10
Հայ Առաքելական Եկեղեցու Սփյուռքի թեմերն ու հոգևորականները, ինչպես նաև հայկական կազմակերպությունները հանդես են եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ դատական հետապնդման խիստ քննադատությամբ
Սփյուռքի Հայ Եկեղեցին պաշտպանել է Գարեգին Բ-ին. թեմերն ու Պատրիարքությունները դատապարտել են Կաթողիկոսի դեմ իրականացվող հետապնդումները

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Սփյուռքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմերն ու պատրիարքությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունները հանդես են եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների նկատմամբ դատական հետապնդման խիստ քննադատությամբ և կոչ են արել դադարեցնել քրեական գործերը:

Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավայրում կսկսվեն քրեական գործով նախնական դատալսումները, որով անցնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամները՝ արքեպիսկոպոսներ Նաթան Հովհաննիսյանը և Հայկազուն Նաջարյանը, ինչպես նաև եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը և Վահան Հովհաննիսյանը: Գործը քննում է դատավոր Հակոբ Մանուկյանը: Վեհափառ Հայրապետը և քրեական գործով անցնող՝ Հայաստանում գտնվող եկեղեցական նվիրապետները մտադիր են մասնակցել առաջին դատական նիստին:

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի թեմական խորհուրդը և հոգևորականությունը. օգոստոսի 7-ը պատմության մեջ կմտնի որպես ամոթի օր

Российская и Ново-Нахичеванская епархия ААЦ

Թեմի հայտարարության մեջ ասվում է, որ օգոստոսի 7-ը հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես ամոթի և դավաճանության օր:

« Սա դատավարություն չէ, սա աննախադեպ բարոյական ահաբեկչություն է օրվա իշխանավորների ձեռքով 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը և հոգևորականաց դասը։

«Սա ինքնության եղերնագործություն է, քանզի, ի դեմս ազգընտիր գահակալի ու հոգևորականների, դատում են հայ ժողովրդին, ոտնահարում ՀՀ սահմանադրությունը, խղճի ու կրոնի ազատության միջազգային օրենքները »,- նշված է փաստաթղթում:

Նշվում է, որ սա դատավարություն չէ, այլ անհավատների հաշվեհարդար, որը վկայում է բռնապետական իշխանավորների բացահայտ հակաեկեղեցական ու հակապետական կեցվածքի մասին:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. դատական նիստն անընդունելի է և խոր անհանգստություն է առաջացնում

Иерусалимский патриархат ААЦ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն իր հայտարարության մեջ նշում է, որ վրդովմունքով և դատապարտումով է հետևում ՀՀ-ում ՀԱՍԵ-ի, նվիրապետական բարձրագույն իշխանության և բարձրագույն հոգևոր սպասավորների դեմ դատական պրոցեսներին։

« 2026 թուականի Օգոստոս 7-ին նախատեսուած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի վեց անդամներու դատական նիստը աննախընթաց, խորապէս մտահոգիչ եւ անընդունելի իրադարձութիւն մըն է մեր ազգային-եկեղեցական պատմութեան մէջ »,- ասված է հայտարարության մեջ:

Պատրիարքությունը վճռականորեն դատապարտել է ներեկեղեցական հարցերը քրեական հետապնդման և դատական ճնշումների միջոցով լուծելու ցանկացած փորձ և պահանջում է դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, որը քաղաքական ազդեցության և ընտրողական արդարադատության տպավորություն է ստեղծում:

Արգենտինայի հայկական կազմակերպությունները հայտարարել են կրոնական ազատության իրականացմանն ուղղված ուղղակի սպառնալիքի մասին

Армянские организации Аргентины

Արգենտինայի հայկական կազմակերպությունները (IARA) իրենց հայտարարության մեջ ամենավճռական ձևով դատապարտել են պետության այն գործողությունները, որոնք խախտում են Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը:

«Անընդունելի ենք համարում դատական մարմինների միջամտությունը Հայ Եկեղեցու ներքին, բացառապես կանոնական և կազմակերպչական հարցերին և դա գնահատում ենք որպես ծանր ոտնձգություն Եկեղեցու ինքնավարության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

«Պետության նման բացահայտ միջամտությունը եկեղեցական կառույցի ներքին կյանքին հակասում է ժողովրդավարական կարգի հիմնարար սկզբունքներին և ուղղակի սպառնալիք է ներկայացնում կրոնական ազատության իրականացման համար: Պահանջում ենք անհապաղ և անվերապահորեն դադարեցնել քրեական գործերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կանադայի Հայոց Թեմի առաջնորդն ու Թեմական խորհուրդը. Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել քրեական գործերը

Канадская епархия ААЦ

Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և Կանադայի Հայոց թեմի Խորհրդի հայտարարության մեջ նշվում է պետական միջամտության անթույլատրելիությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը, նրա կանոնական իրավասությանը և Եկեղեցու ներքին գործերին:

«Վճռականորեն դատապարտում ենք ՀՀ իրավապահ և դատական մարմինների՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը մի հարցով, որը վերաբերում է բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Կանադայի թեմում ՀՀ իրավասու պետական և իրավապահ մարմիններին կոչ են արել դրսևորել իրավական ողջախոհություն և անհապաղ դադարեցնել եկեղեցու ներքին իրավասությանն առնչվող քրեական վարույթները,

անվերապահորեն պահպանել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված սկզբունքները՝ հարգելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունն ու կանոնական կարգը, վերահաստատել հանձնառությունը կառուցողական երկխոսությանը՝ ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իրավունքի գերակայության, ինչպես նաև հայրենիքում և Սփյուռքում ազգային միասնության ամրապնդման։

Քրեական գործի մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2026 թվականի փետրվարին Հայաստանի Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր նախաձեռնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

ՀԱԵ առաջնորդը Սարոյանին ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից և կարգալույծ արել՝ հնազանդության ուխտը խախտելու համար:

Սարոյանը այն տասը եպիսկոպոսներից մեկն է, որոնք աջակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ՀԱԵ-ն բարենորոգելու» նախաձեռնությանը: Նա դիմել էր դատարան՝ պաշտոնում վերականգնվելու պահանջով: Դատարանը բավարարել էր հայցը: