Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն այժմ անբովանդակ կլինի. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումն այժմ անբովանդակ կլինի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ չորս պետությունների ղեկավարների 2026 թ.-ի մայիսի 29-ի հայտարարությունը, որով աջակցություն էին հայտնել Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելուն։
«Ինչպես գիտեք, 2025 թվականին Հայաստանում ընդունվել է Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենք։ Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակն է մեր երկրի համար այլընտրանքի ստեղծումը։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց նշված օրենքի ընդունման փաստը դեռևս չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ», - ասաց Փաշինյանը ուրբաթ Ղրղզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ երբ հեռանկարում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակում, որ երկիրն ավտոմատ կերպով կդառնա ԵՄ անդամ։
«Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ անհնար է այս հարցը բերել Հայաստանի քաղաքացիների որոշմանը՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքների: Եվ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնապես դիմել ԵՄ-ին՝ Եվրոպական Միությանը անդամակցելու հայտով: Իսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի ստանալ ԵՄ-ին անդամակցության թեկնածու պետության կարգավիճակ», - նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ առանց այս փուլերի մեծ մասի անցկացման, հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ։
«Դա կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որն այժմ պարզապես գոյություն չունի։ Կնշանակի, որ մենք Հայաստանի քաղաքացիներին կանգնեցնում ենք այնպիսի այլընտրանքների միջև ընտրության առաջ, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի ժողովրդի նկատմամբ և ոչ լեգիտիմ», - նշեց Փաշինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց ԵԱՏՄ-ում իր գործընկերներին՝ ճանաչելու Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ ԵԱՏՄ երկրի, լեգիտիմ իրավունքը՝ զարգացնելու հարաբերությունները տարբեր գործընկերների հետ և ստեղծելու առևտրատնտեսական այլընտրանքներ իր երկրի համար:
Ավելին, Փաշինյանը նման մոտեցումը օգտակար համարեց ԵԱՏՄ-ի համար, քանի որ հնարավոր, ըստ նրա, այլընտրանքների առկայությունը գործոն է, որը կնպաստի ԵԱՏՄ մրցունակության և գրավչության զարգացմանը:
«Եվ կարծում եմ՝ ոչ ոք չի վիճարկի, որ այս առումով մենք ԵԱՏՄ ներսում անելիքներ ունենք։ Մենք պատրաստ ենք և առաջարկում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Մյուս կողմից՝ պետք է նշեմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև ընթացիկ հարաբերություններում չկան որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք հակասեն ԵԱՏՄ ներսում և շրջանակներում մեր հարաբերությունների կարգավիճակին», - նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ-ն ելնում է այն բանից, որ ԵԱՏՄ-ն չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։
«Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկեր երկրների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ ՀՀ-ն հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ պայմանագրի հիմնարար սկզբունքների պահպանման, անդամ պետությունների իրավահավասարության և գործնական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման օգտին։ ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան հետևողականորեն մենք պահպանենք սեփական պայմանավորվածությունները և հարգենք միմյանց սուվերեն իրավունքները։ Հենց դրանում ենք մենք տեսնում վստահության, կայունության և երկարաժամկետ հաջողության հիմքը», - եզրափակեց Փաշինյանը:
Հայաստան և ԵՄ
2025 թ.-ի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթացն սկսելու մասին օրենքը: Փաստաթուղթն արտահայտում է հանրապետության՝ ԵՄ ուղղությամբ շարժվելու մտադրությունը, սակայն ինքնին չի նշանակում անդամակցության պաշտոնական հայտի ներկայացում:
2025 թ.-ի դեկտեմբերին Հայաստանն ու Եվրոպական միությունը հաստատեցին գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, որը նախատեսում է համագործակցության ընդլայնում քաղաքական, տնտեսական և ոլորտային բնագավառներում:
2026 թ.-ի մայիսին տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Համատեղ փաստաթղթերում Եվրոպական միությունը հաստատեց իր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների՝ երկրի ապագան ինքնուրույն և ժողովրդավարական ճանապարհով որոշելու իրավունքին:
Հուլիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությանը, հայտարարեց, որ նման քվեարկության առարկա դեռևս չկա:

