Եկեք ընդունենք «Հակասաֆարովյան օրենք», որով իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում. Նարեկ Կարապետյան

03.08.2026, 12:57
Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկը կներկայացվի մոտ ապագայում
Եկեք ընդունենք «Հակասաֆարովյան օրենք», որով իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում. Նարեկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն առաջարկում է ընդունել «Հակասաֆարովյան օրենք», որը, նրա խոսքով, կսահմանափակի Ադրբեջանի քաղաքացիների` Հայաստանում 10 օրից ավելի գտնվելու հնարավորությունը։

«Մեկ օրենքով այս հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք «Հակասաֆարովյան օրենք», որով ուղղակի իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում և այստեղ ունենալ գույք կամ հող։ Դրանով մեր հարցերը սպառվում են»,– ասաց Կարապետյանը Աժ ամբիոնից իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկը կներկայացվի մոտ ապագայում։

«Մենք առաջարկ կանենք մոտակա ժամանակահատվածում և իրար հետ կարող ենք այդ հարցը մեր քաղաքական օրակարգից վերջապես հանել»,– նշեց պատգամավորը։

Կարապետյանը նաև նշեց, որ նմանատիպ օրենք գործում է նաև Թուրքիայի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների համար։