Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն չէր կարող ներգրավվել Ղարաբաղյան հակամարտությունում
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեխանիզմը չէր կարող ներգրավվել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում, քանի որ Հայաստանը այդ տարածքը չէր ճանաչում ո՛չ որպես իր տարածքի մաս, ո՛չ էլ որպես անկախ պետություն։ Այս մասին «Գվարդեյսկ» երիտասարդական ֆորումում ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պատմություն եղավ Հայաստանի հետ, որը կարծես ասում էր․ «Եկեք գործարկենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Իսկ ըստ էության՝ ում և ինչի՞ նկատմամբ։ Այն տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի, որը հենց ինքը՝ Հայաստանը, ցավոք, թե բարեբախտաբար՝ սա իմ հարցը չէ, սա իրենց՝ Երևանի հարցն է, չէր ճանաչում ո՛չ որպես իրենը, ո՛չ էլ անկախ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նման հանգամանքներում ՀԱՊԿ հավաքական անվտանգության մեխանիզմի կիրառումն անհնար էր։
2021 թ.-ի փետրվարի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար։
Ավելի ուշ, 2023 թ.-ի նոյեմբերի 15-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի կապակցությամբ, այլ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած միջադեպերից հետո։
Ինչպես հայտարարել է Գրիգորյանը, առաջին դիմումը հետևել է 2021 թ.-ի մայիսին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո։ Օգնության երկրորդ հարցումն ուղարկվել է 2022 թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած զինված բախումներից հետո։ Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից չի ստացել անհրաժեշտ օգնություն՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։

