Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը Քնեսեթում․ ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելում կասեցրել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը Քնեսեթում (խորհրդարանում), հայտնում է Jerusalem News Syndicate-ը (JNS)՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային:
Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Իսրայելի կառավարությունը քվեարկել էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։ Նախարարների կաբինետի որոշումից հետո նախատեսվում էր համապատասխան բանաձևը ներկայացնել Քնեսեթի քննարկմանը։
Ինչպես գրում է JNS-ը, իսրայելական կառավարության որոշումն ընդունվել էր զգայուն դիվանագիտական պահի. տարածաշրջանում լարվածությունն ուժեղացել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի տապալումից հետո՝ Պարսից ծոցում շարունակվող հարձակումների ֆոնին։
Բացի այդ, որոշումը հաջորդել էր անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում Անկարան կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ապահովել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումները։
Պարբերականը նաև նշում է, որ այս շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդների և նիստեր չի անցկացնի մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները:
Իսրայելի Քնեսեթ երեք անգամ ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ։ 2018 թվականին «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգն առաջարկեց կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու օրինագիծ, սակայն այն չեղարկվեց կառավարության դիմադրության պատճառով։ 2019 թվականին Քնեսեթի մի շարք բարձրաստիճան անդամներ, ինչպիսիք են Յաիր Լապիդը և Գիդեոն Սաարը, աջակցեցին այդ քայլին, բայց այն դարձյալ չիրականացվեց կառավարության կողմից թույլ աջակցության պատճառով։ 2021 թվականին ընդդիմադիր մի քանի պատգամավորներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և ապրիլի 24-ին հիշատակի օր անցկացնելու մասին օրինագիծ։
2025 թվականի օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարեց, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։

