Fitch․ ռուսական գազի մատակարարման կրճատումը կարող է հարվածել Հայաստանի տնտեսությանը
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգուշացրել է Հայաստանի տնտեսության համար պահպանվող ռիսկերի մասին, որոնք կապված են առևտրի և էներգետիկայի ոլորտներում Ռուսաստանից երկրի ունեցած մեծ կախվածության հետ:
Ինչպես նշվում է գործակալության զեկույցում, Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը և արտոնյալ պայմաններով մատակարարում է երկիր ներմուծվող բնական գազի ավելի քան 80%-ը:
Բացի այդ, ռուսական շուկային է բաժին ընկնում հայկական ապրանքների արտահանման մոտ 35%-ը:
Fitch-ի փորձագետները հիշեցնում են, որ վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել մի շարք հայկական պարենային ապրանքների ներմուծման և տարանցման նկատմամբ, ինչպես նաև զգուշացրել է էներգակիրների և չմշակված ադամանդների արտոնյալ առևտրի հնարավոր դադարեցման մասին՝ ի պատասխան Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի կուրսի:
«Քանի որ բնական գազն ապահովում է էներգապաշարների գծով Հայաստանի պահանջմունքների 61%-ը, մատակարարումների դադարեցումը կամ գների բարձրացումը կարող է բացասաբար անդրադառնալ մակրոտնտեսական ցուցանիշների, պետական ֆինանսների վիճակի և երկրի արտաքին հաշվեկշիռների վրա»,— ասված է Fitch-ի զեկույցում:
Գազի գնի մասին
Ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի համար ռուսական գազն ավելի էժան է, քան գազը Եվրոպայում: Նրա խոսքով՝ Եվրոպայում գազի գները գերազանցում են $600-ը հազար խորանարդ մետրի դիմաց, այնինչ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է հազար խորանարդ մետրի դիմաց $177,5-ով:
Ապրիլի 9-ին Փաշինյանը, մեկնաբանելով Հայաստանի համար ռուսական բնական գազի թանկացման հավանականությունը, հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում են երկարաժամկետ պայմանագրեր, և դրանք չեն խախտվի:
Ավելի վաղ Ռուսաստանը ծանուցել էր հայկական կողմին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին 2013 թվականի համաձայնագրի հնարավոր կասեցման մասին՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շարունակման դեպքում:

