Սև ծովից ցուրտ օդային հոսանքներ են մոտենում. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա շաբաթում սպասվող եղանակի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի կանխատեսումը։
Նրա խոսքով, առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։ «Հուլիսի 13–ից 15-ը Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Ամենատաք գոտին կրկին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 13–ից 15-ը ստվերում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36–ից 38 աստիճան տաքություն»,- Facebook-յան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է նա։
Նա նշել է, որ հուլիսի 15 ի ուշ երեկոյան այդ տաք օդային հոսանքները աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ` իրենց տեղը զիջելով հյուսիս-արևմուտքից Սև ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքների, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18–ը ներառյալ։
«Դրա արդյունքում հուլիսի 16–ից 18–ը ընկած ժամանակահատվածում հուլիսի 15- ի հետ համեմատ, ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 4–ից 5 աստիճանով։ Մինչև հուլիսի 14–ը երկրի ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Լոռի, Տավուշ հատվածում այդ փոփոխական ամպամածությունը կպահպանվի։ Իսկ ահա հուլիսի 15- ի ուշ երեկոյան և հուլիսի 16–ից 18 ընկած ժամանակահատվածում գիշերը և երեկոյան հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 16–ից 18–ը ընկած ժամանակահատվածում ուշ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են նաև Երևան քաղաքի առանձին հատվածներում»,-ասել է Սուրենյանը։

