Երևանում բասկետբոլի Հայաստանի հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ոսկե մեդալը
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը ոսկե մեդալ է նվաճել։
Ինչպես հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ:
Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության՝ 6 խաղ, 6 հաղթանակ:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացող Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP)։
Բացի այդ, Էնթոնին ընդգրկվել է նաև մրցաշարի խորհրդանշական հնգյակում (All-Star Five)՝ հաստատելով, որ եղել է առաջնության ամենավառ խաղացողներից մեկը։
Մրցաշարի ընթացքում Սարգսյանը միջինը գրանցել է 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի հավաքականի՝ առանց պարտության անցկացրած չեմպիոնական մրցաշարում։
Հայաստանի հավաքականից խորհրդանշական հնգյակում ընդգրկվել է նաև Էթան Կազանչյանը: Նա միջինը վաստակել է 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից (EFF)։

