Ինչու՞ է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կոչվում Վարդավառ և ավանդական ի՞նչ պաս է նախորդում Վարդավառին

12.07.2026, 10:55
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը՝ Վարդավառը
Ինչու՞ է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կոչվում Վարդավառ և ավանդական ի՞նչ պաս է նախորդում Վարդավառին

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այս տարի հուլիսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը՝ Վարդավառը։ Եկեղեցական տոնացույցի համաձայն, տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի և կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես, Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի Այլակերպության հիշատակն է,որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։

Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս(17:1-13), Մարկոս (9:1-12) և Ղուկաս(9:28-36) ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան,որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք,, մեկը քե՛զ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպնրանց վրա հովանի եղավ. Ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին,որին հավանեցի, դրա՛ն լսեցեք»։ Երբ աշակերտներն այս լսեցին, երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան։ Եվ Հիսուս մոտենալով , դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք։ Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մատթ.17:2-8):

Հայ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ։ Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը։

Ըստ Վահան վարդապետ Տեր-Մինասյանի՝ Վարդավառը 4-5 հազար տարվա տոն է, հնագույնը, որ հաստատել է Նոյ նահապետը։ Այդ օրը հայերը, որտեղ էլ որ բնակվեն, գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով ծաղկեպսակներ են հյուսում, զարդարում իրենց տաճարները, դրա համար էլ այս տոնը կոչվում է Վարդավառ։ Հայերն իրար վրա ջուր ցողելով՝ լողում են գետերում և աղավնիներ թռցնում՝ ի հիշատակ Նոյի և ջրհեղեղի։ Ինչպես մինչև Տիրամոր վերափոխման տոնին կատարվող խաղողօրհնեքի արարողությունը խաղող չէին ուտում, այնպես էլ ժողովրդական տարածված սովորությամբ մինչև Վարդավառը խնձոր չէին ուտում։ Այս սովորությունն անվանում էին «խնձորի պաս»։ Հայաստանի մարզերում Վարդավառը նշվում է տարբեր տոնախմբություններով։

Ըստ ժողովրդական ավանդության, Վարդավառի գիշերը բոլոր սրբերի գերեզմանների վրա լույս է իջնում։