ՍԱՏՄ-ն կասեցրել է «Մարտին սթար»-ի վանիլային պաղպաղակի արտադրությունը. ընկերությունը հերքում է խախտումները
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «արտադրանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանելու պատճառով» կասեցրել է «Մարտին սթար» ՍՊԸ-ի վանիլային կաթնային պաղպաղակի արտադրությունը, իսկ ընկերությունը հայտնել է ՍԱՏՄ-ի ստուգումների արդյունքների հետ անհամաձայնության մասին։
ՍԱՏՄ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Նշվում է, որ լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է արտադրատեսակի տվյալ տեսակի արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը՝ «Մարտին Սթար» ՍՊԸ-ից հայտնել են, որ համաձայն չեն ՍԱՏՄ կողմից հրապարակված արդյունքների վերաբերյալ։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ նույն խմբաքանակի պաղպաղակի հետազոտությունները, որոնք անցկացվել են տեսչական մարմնի պաշտոնական ցանկում ներառված հավատարմագրված լաբորատորիայում, ինչպես նաև ձեռնարկության սեփական լաբորատորիայում, խախտումներ չեն հայտնաբերել, այդ թվում՝ աղիքային ցուպիկի խմբի բակտերիաների ցուցանիշով։
«Հետազոտությունների արդյունքների մասին ընկերությունը գրավոր տեղեկացրել է Տեսչական մարմնին։ Նման հետազոտություններ իրականացվում են թողարկվող պաղպաղակի բոլոր տեսակների և խմբաքանակների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ընկերությունը նաև ընդգծել է, որ առանձնակի ուշադրություն է դարձնում արտադրությունում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը և սպառողների առողջության պաշտպանությունը համարում է իր առաջնահերթությունը։

