Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է Կոնգոյում Էբոլայի բռնկման մասին. ինչպես է գնահատվում Հայաստանի համար ռիսկը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային կառույցների վերջին տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ: Հիվանդության դեպքեր են ներմուծվել նաև Եվրոպա, սակայն Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս ցածր է գնահատվում։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։
Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2026 թ.-ի հուլիսի դրությամբ աշխարհում արձանագրվել է համաճարակային հետևյալ պատկերը.
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (հուլիսի 5-ի դրությամբ). 1759 հաստատված դեպք և 600 հաստատված մահ: Բռնկումն ընդգրկել է երկրի 35 առողջապահական գոտի, ընդ որում՝ դեպքերի շուրջ 92%-ը կենտրոնացած է Իտուրի նահանգում:
- Ուգանդա (հուլիսի 9-ի դրությամբ). 20 հաստատված դեպք և 2 մահ (գումարած 1 հավանական դեպք և 1 հավանական մահ): Վերջին շաբաթվա ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իրականացվում է կոնտակտավորների հսկողություն:
- Ֆրանսիա (հունիսի 24-ի դրությամբ). Արձանագրվել է ԿԴՀ-ից վերադարձած բուժաշխատողի վարակման 1 ներմուծված դեպք: Հիվանդն անմիջապես մեկուսացվել է, իրավիճակը վերահսկվում է:
Ռիսկերի գնահատում և հակահամաճարակային քայլեր
ԱՀԿ-ն Կոնգոյում հանրային առողջության ռիսկը գնահատում է «շատ բարձր», հարևան երկրների համար՝ «բարձր»՝ պայմանավորված ակտիվ սահմանային հաղորդակցությամբ: Այդուհանդերձ, միջազգային տարածման գլոբալ ռիսկը համարվում է վերահսկելի: Միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվում են ակտիվ համաճարակաբանական հսկողություն, դեպքերի վաղ հայտնաբերում, լաբորատոր կարողությունների ընդլայնում և սահմանային հսկողության ուժեղացում:
Իրավիճակը Հայաստանում
Ներկայումս ՀՀ-ում Էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, և երկրի համար ռիսկը գնահատվում է ցածր: ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է իրավիճակի մշտադիտարկումը։
Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ շփումից: Ճանապարհորդությունից հետո բնորոշ ախտանիշների՝ բարձր ջերմության, արտահայտված թուլության, փսխման, լուծի կամ արյունահոսական դրսևորումների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի և հայտնել ճամփորդության մասին:

