Ինչպե՞ս պաշտպանել երեխային օտար մարմիններ կուլ տալուց. ԱՆ-ն հիշեցնում է անվտանգության կանոնները
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մինչև 5 տարեկան երեխաները հաճախ աշխարհը ճանաչում են առարկաները բերանը տանելով, ինչը կարող է լուրջ վտանգ ներկայացնել նրանց առողջության և կյանքի համար:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ նման դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ճիշտ հսկողության և անվտանգության կանոնների պահպանման միջոցով։
Կանխարգելման հիմնական կանոնները
Երեխայի համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով անհրաժեշտ է հետևել մի քանի կարևոր կանոնների.
-Մանր առարկաները, մետաղադրամներն ու կենցաղային մարտկոցները պահել երեխաների համար բացարձակ անհասանելի և փակ վայրում:
-Գնել միայն երեխայի տարիքին և զարգացմանը համապատասխան անվտանգ խաղալիքներ, որոնք չեն մասնահատվում:
-Խուսափել տանը մագնիսներ կամ ջրային գնդիկներ ունենալուց:
-Ցանկալի չէ գնել կոճակ-մարտկոցներով աշխատող խաղալիքներ: Եթե տանն արդեն կան այդպիսիք, ապահովել, որ մարտկոցի հատվածը լինի ամուր փակված և անհասանելի երեխայի համար:
Ահազանգող ախտանիշները
Նույնիսկ եթե ծնողները չեն տեսել, թե ինչ է կուլ տվել երեխան, սակայն նրա մոտ առկա են հետևյալ ախտանիշները, անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագետի.
-առատ թքարտադրություն,
-կուլ տալու դժվարություն կամ հրաժարում սննդից/ջրից,
-հանկարծակի առաջացած հազ, անդադար հազ կամ շնչառության խնդիրներ,
-ցավ կրծքավանդակում, պարանոցում կամ որովայնում,
-շարունակական փսխում կամ արյուն` փսխման զանգվածի կամ կղանքի մեջ:
ԿԱՐԵՎՈՐ Է
Եթե կասկածում եք, որ երեխան ինչ-որ բան է կուլ տվել կամ շնչել, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն՝ մատներով կամ այլ իրերով հեռացնել առարկան: Դրանով դուք կարող եք այն ավելի խորը հրել և փակել շնչուղիները:
Մասնագետները հիշեցնում են, որ մեծահասակների պարտականությունն է երեխայի անվտանգ միջավայրի ապահովումը: Անհրաժեշտության դեպքում պետք է անհապաղ զանգահարել շտապօգնություն:

