Ջուր, ցեխ, լոլիկներ և շալակած կանայք. ամռան ամենախենթ փառատոները (ՖՈՏՈ)

06.07.2026, 16:53
Ամառը միայն հանգիստ ու ծովափ չէ․ աշխարհի որոշ անկյուններում այն վերածվում է խելահեղ խաղերի, որտեղ մարդիկ ջրի, ցեխի ու լոլիկի միջոցով տոնում են կյանքը
Ջուր, ցեխ, լոլիկներ և շալակած կանայք. ամռան ամենախենթ փառատոները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամառը միայն հանգիստ ու ծովափ չէ․ աշխարհի որոշ անկյուններում այն վերածվում է խելահեղ խաղերի, որտեղ մարդիկ ջրի, ցեխի ու լոլիկի միջոցով տոնում են կյանքը։

«Նովոստի Արմենիա»ն ներկայացնում է աշխարհում ամենաարտասովոր տոները, որտեղ առօրյայում տարօրինակ թվացող երևույթները դառնում են ոչ միայն սովորական, այլև պարտադիր մաս՝ գրավելով հազարավոր այցելուների ամբողջ աշխարհից։

Վարդավառ. երբ ջուրը միավորում է բոլորին

Вардавар

Վարդավառը Հայաստանում ամենասպասված և զանգվածային ամառային տոներից է, երբ երկիրը մեկ օրով վերածվում է բացօթյա ջրային դաշտի։ Տոնի գլխավոր ավանդույթը մյուսներին ջրելն է. տարիքն ու կարգավիճակն այստեղ նշանակություն չունեն. անցորդները, հարևանները, ընկերները և նույնիսկ անծանոթները կարող են հայտնվել «թիրախում»։ Մարդիկ օգտագործում են դույլեր, շշեր, ջրային ատրճանակներ, իսկ հրապարակում տոնական տրամադրությանը հաճախ միանում են նաև ջրցան մեքենաները։

Вардавар

Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ նվիրված Քրիստոսի Պայծառակերպությանը։ Միաժամանակ այն պահպանել է նաև իր հեթանոսական արմատները՝ կապված ջրի, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի պաշտամունքի հետ։ Ջուրը համարվում է տոնի գլխավոր խորհրդանիշը՝ մաքրագործման, կյանքի, բարեբերության և հաջողության նշան, իսկ հուլիսյան շոգին այն նաև ամենահաճելի զովացումն է։ Ժողովրդական ավանդույթում այն վաղուց վերածվել է մի տոնի, որը մարդիկ անվանում են «ջրոցի»։ Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 12–ին։

Boryeong Mud Festival. հանրահայտ ցեխի փառատոն

фестиваль

Եթե Հայաստանում ամառվա գլխավոր խորհրդանիշը ջուրն է, ապա Հարավային Կորեայի Բորյոնգ քաղաքում գլխավորը ցեխն է։ Ամեն ամառ Դեչոն լողափը վերածվում է հսկայական զվարճանքի գոտու, որտեղ հազարավոր մարդիկ առանց վարանելու ցատկում են ցեխով լցված լողավազաններ, սահում ցեխային սահուղիներով, մասնակցում ցեխային ըմբշամարտի, խաղերի, մրցույթների և երեկոյան բացօթյա համերգների։ Երբ օրը մոտենում է ավարտին, «ցեխային արկածից» հետո մաքրվելու համար երկար հերթեր կամ ցնցուղներ պետք չեն. բավական է մի քանի քայլ անել դեպի Դեղին ծով և սուզվել ջրի մեջ։

фестиваль

Փառատոնը սկիզբ է առել 1998 թվականին՝ որպես տեղական կոսմետիկ արտադրանքի գովազդային նախաձեռնություն։ Պատճառն այն էր, որ Բորյոնգի ցեխը հարուստ է մաշկի համար օգտակար հանքանյութերով և լայնորեն օգտագործվում է խնամքի միջոցների արտադրության մեջ։ Ժամանակի ընթացքում այն վերածվել է աշխարհի ամենահայտնի ամառային փառատոներից մեկի՝ ամեն տարի հյուրընկալելով շուրջ 3 միլիոն այցելուի, որոնց զգալի մասը արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներ են։

2026 թվականին Boryeong Mud Festival-ը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը՝ տևելով 17 օր։

фестиваль

La Tomatina. 100 տոննա պոմիդոր՝ մեկժամյա «մարտում»

Եթե սովորական սննդային պատերազմները միայն ֆիլմերում են, ապա Իսպանիայի Բունյոլ քաղաքում դրանք իրականություն են։ Ամեն տարի հազարավոր մարդիկ հավաքվում են այստեղ՝ մասնակցելու աշխարհի ամենահայտնի «ճակատամարտին»՝ La Tomatina-ին։ Փառատոնի գլխավոր իրադարձությունը մեկ ժամ տևողությամբ զանգվածային «մարտն» է, որի ընթացքում մասնակիցները միմյանց վրա բառացիորեն նետում են ավելի քան 100 տոննա հասած լոլիկ։

фестиваль

Տոնը սկիզբ է առել 1945 թվականին, երբ երիտասարդների միջև ծագած վեճը վերածվել էր լոլիկներով կռվի։ Այսօր այն դարձել է Իսպանիայի ամենաճանաչված փառատոներից մեկը՝ հստակ կանոններով և հազարավոր մասնակիցներով։ Փառատոնի մեկնարկը տրվում է հատուկ ազդանշանից հետո, երբ լոլիկներով բեռնված մեքենաները հասնում են քաղաքի կենտրոն, և մոտ 20 հազար մասնակից մեկ ժամով «նետվում» է կարմիր մարտադաշտ։

фестиваль

Չնայած «քաոսային» տեսարանին՝ անվտանգության կանոնները խիստ են. լոլիկը պետք է նախապես ճզմել ձեռքով, որպեսզի հարվածները վնասվածքներ չպատճառեն, իսկ որևէ այլ առարկա կամ բանջարեղեն օգտագործելն արգելվում է։ Երկրորդ ազդանշանից հետո «մարտն» անմիջապես ավարտվում է։

фестиваль

Փառատոնի ավարտից հետո քաղաքի փողոցները լվացվում են հրշեջ մեքենաների ջրաշիթերով, իսկ լոլիկի բնական թթվայնությունը նույնիսկ օգնում է մաքրել սալահատակները։

2026 թվականին La Tomatina-ն կանցկացվի օգոստոսի 26-ին՝ ավանդույթի համաձայն՝ օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը։

фестиваль

Wife-Carrying World Championships. ամենախենթ վազքի առաջնությունը

Ֆինլանդիայի Սոնկայարվի քաղաքում ամեն ամառ անցկացվում է աշխարհի ամենաարտասովոր մարզական մրցումներից մեկը՝ Wife-Carrying World Championships-ը կամ կանանց շալակած վազքի աշխարհի առաջնությունը։ Այստեղ հաղթանակի բանալին միայն արագությունը չէ. մասնակիցները պետք է վազեն բարդ արգելքներով լի ուղով՝ իրենց մեջքին կրելով կնոջը։
фестиваль

Մրցուղու երկարությունը 253,5 մետր է և ներառում է ավազե հատվածներ ու ջրային խոչընդոտներ։ Ըստ մրցույթի կանոնների, կինը պետք է լինի առնվազն 17 տարեկան և կշռի նվազագույնը 49 կիլոգրամ։ Եթե քաշը դրանից պակաս է, տարբերությունը լրացվում է հատուկ ծանրությամբ։ Ամենատարածված տեխնիկան այսպես կոչված «էստոնական ոճն» է, երբ կինը գլխիվայր կախվում է տղամարդու մեջքից՝ ոտքերով ամուր բռնելով նրա ուսերը։

фестиваль

Թեև մրցաշարի հիմքում ընկած են 19-րդ դարի տեղական լեգենդները, այն պաշտոնապես անցկացվում է 1992 թվականից և այսօր դարձել է միջազգային միջոցառում։

фестиваль

Իսկ գլխավոր մրցանակը նույնքան յուրահատուկ է, որքան մրցույթը. հաղթող զույգը ստանում է գարեջուր՝ կնոջ քաշին համարժեք քանակով։

2026 թվականին Wife-Carrying World Championships-ն անցկացվել է հուլիսի 3-4-ը։

фестиваль

Gion Matsuri. Կիոտոյի հազարամյա շքեղությունը

Եթե աշխարհի շատ ամառային փառատոներ հայտնի են աղմկոտ զվարճանքով, ապա Ճապոնիայի Կիոտոյում անցկացվող Gion Matsuri-ն գրավում է իր պատմությամբ, հանդիսավորությամբ և դարավոր ավանդույթներով։ Ավելի քան հազարամյա այս տոնը համարվում է Ճապոնիայի ամենահայտնի և ամենահեղինակավոր փառատոներից մեկը, որի ընթացքում քաղաքը մեկ ամսով վերադառնում է անցյալ։

фестиваль

Gion Matsuri-ն սկիզբ է առել դեռևս 869 թվականին՝ որպես կրոնական ծես՝ համաճարակի ավարտի համար աղոթելու նպատակով։ Այսօր այն պահպանել է իր մշակութային արժեքը՝ միավորելով ավանդույթն ու տոնական մթնոլորտը։

фестиваль 

Փառատոնի գլխավոր իրադարձությունը հուլիսի 17-ին և 24-ին անցկացվող Yamaboko Junko շքերթն է, որի ընթացքում քաղաքի փողոցներով անցնում են մինչև 25 մետր բարձրությամբ և շուրջ 12 տոննա կշռող հսկայական փայտե սայլերը։ Դրանք հավաքվում են առանց մեխի՝ կիրառելով ճապոնական ավանդական փայտամշակման և հյուսման տեխնիկան։

фестиваль

Սայլերը չեն կարողանում սովորական ձևով շրջադարձ կատարել, ուստի յուրաքանչյուր անկյունում կիրառվում է «ցուձի-մավաշի» կոչվող յուրահատուկ մեթոդը, երբ անիվների տակ դրվում են թաց բամբուկե տախտակներ, և տասնյակ մարդիկ համակարգված շարժումներով պտտում են հսկայական կառույցները։ Շքերթից առաջ Կիոտոյի կենտրոնական փողոցները փակվում են երթևեկության համար, զարդարվում հազարավոր թղթե լապտերներով, իսկ բնակիչներն ու զբոսաշրջիկները զբոսնում են ավանդական յուկատաներով՝ ստեղծելով հին Ճապոնիայի մթնոլորտը։

2026 թվականին Gion Matsuri-ն, ավանդույթի համաձայն, կանցկացվի ամբողջ հուլիս ամսվա ընթացքում, իսկ գլխավոր շքերթները տեղի կունենան հուլիսի 17-ին և 24-ին։