Հեղինակավոր Condé Nast Traveller–ը Հայաստանն ընդգրկել է 2027թ․–ին այցելությունների համար լավագույն 27 ուղղությունների ցանկում
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ընդգրկվել է 2027 թվականին այցելելու համար լավագույն 27 զբոսաշրջային ուղղությունների ցանկում, որը կազմել է միջազգային հեղինակավոր Condé Nast Traveller Middle East զբոսաշրջային պարբերականը:
Նոյեմբերի 13-ին հրապարակված «The 27 Best Places to Go in 2027» ընտրանիում խմբագրությունը Հայաստանը խորհուրդ է տալիս բնության, պատմության և քայլարշավների սիրահարներին:
Հայաստանի նվիրված բաժնի հեղինակ Ալիսիա Էրիկսոնը նշում է երկրի լեռնային լանդշաֆտները, միջնադարյան վանքերը, պատմական քարավանատներն ու գինեգործության հնագույն հուշարձանները:
Հատուկ ուշադրություն է դարձվում երկու երկարաձիգ քայլարշավային երթուղիների՝ Transcaucasian Trail-ի (TCT) և Armenian National Trail-ի (ANT) զարգացմանը, որոնք ճանապարհորդներին թույլ են տալիս ծանոթանալ երկրի բնական և մշակութային ժառանգությանը:
Հրապարակման մեջ հիշատակվում են Տաթևի վանքը, Գեղամա լեռները, «Դիլիջան» ազգային պարկը, Արփի լիճը և Հայաստանի այլ տեսարժան վայրեր:
Պարբերականի տվյալներով՝ Հայկական ազգային արահետը (Armenian National Trail) 998 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երթուղիների ցանցի նախագիծ է, որը հեռանկարում պետք է միացնի ավելի քան 100 բնակավայր: Երթուղու առաջին հատվածները բացվել են 2026 թվականի հունիսին:
Հեղինակն առանձին ուշադրություն է հրավիրում Երևանի վրա, որը համադրում է պատմական ճարտարապետությունը ժամանակակից ռեստորանային և քաղաքային մշակույթի հետ:
Condé Nast Traveller Middle East-ի 2027 թվականի ցանկում ընդգրկվել են նաև Ալբանական Ալպերը, Կորսիկան, Գալապագոսյան կղզիները, Շանհայը, Զանզիբարը և այլ ուղղություններ:

