Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծի անկման շուրջ հրապարակումներին
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ կապված «քաղաքական շահարկումների մասին՝ գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի մասնավոր տարածքում գտնվող կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու շուրջ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 6-ին Ծառուկյանի մասնավոր տարածքից կենդանաբանական այգի են տեղափոխվել մի քանի առյուծներ և վագրեր, ավելի ուշ տեղեկատվություն հայտնվեց կոկորդիլոսների մասին։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի խոսքով՝ կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, սակայն դարձել է վերջին երկու օրվա շահարկումների գլխավոր թեման։
«Գլխավոր թեզը գործարարին և քաղակական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը»,- նշել է Կարապետյանը։
Նա նշել է, որ առյուծը, որը քնեցումից չի արթնացել, (սեդացիա) մասնագիտական քննարկման առարկա է՝ ընդունված որոշումների և հնարավոր սխալների մասով։
առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո։
Կարապետյանը նշել է, որ սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը:։
Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանի առանձնատնից դուրս բերված առյուծը քնեցումից չի արթնացել տեղափոխման համար կիրառված անզգայացումից հետո։ Կենդանաբանական այգուց հայտարարել են, որ դա կապված է առյուծի մեծ տարիքի հետ և ունեցել է ուղեկցող հիվանդություններ։
Ծառուկյանը գտնվում է կալանքի տակ՝ խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։

