Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ Նովոստի–Արմենիա/․ Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար, հայտնում է Կիբեռոստիկանությունը։
Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։
Կիբեռոստիկանությունը հորդորում է՝
• չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,
• չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
• «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։
«Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

