ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

25.06.2026, 12:16
ԵԱՏՄ ձևաչափում իրոք քննարկելու բան կա, և ես առաջիկայում առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու, հայտարարել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի վրա, և եթե դա չկա, նշանակում է՝ ԵԱՏՄ չկա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն այս հարցին պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա։

«Մենք ասում ենք, որ ինքը կա։ Մենք՝ այդ թվում որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ։ Բայց եթե ԵԱՏՄ-ն կասի՝ ես չկամ այլևս, դե որ իրենք չկան, մենք ինչ կարող ենք անել»,- նշեց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Վարչապետի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ԵԱՏՄ մի քանի երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու, և նրանք դա գնահատելու են որպես իրենց առաջ կանգնած ռիսկ։

«ԵԱՏՄ ձևաչափում իրոք քննարկելու բան կա, և ես առաջիկայում առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու։ Ես նաև իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որոնք նրանք իմ բացակայությամբ ընդունել են։ Պետք է մենք հասկանանք՝ դա ինչ է նշանակում գործնականում։ Մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է սենց որոշումներ կայացնել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե այս հարցի պատասխանը «այո» է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և Հայաստանն այստեղից արդեն պետք է հետևություններ անի։

«Շատ հստակ պետք է լինի պատասխանը՝ կա՞, թե՞ չկա։ Եթե կա՝ մենք կդիրքավորվենք, եթե չկա՝ էլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանում»,- ընդծեց Փաշինյանը։

Հայաստան – ԵԱՏՄ – ԵՄ

Հայաստանի իշխանությունները հռչակում են ԵՄ-ի հետ մերձեցման և եվրոպական չափանիշներին անցնելու կուրս, միևնույն ժամանակ հայտարարում են ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին այնքան ժամանակ, քանի դեռ այս ուղղությունների համատեղումը հնարավոր կլինի:

Մոսկվան, իր հերթին, զգուշացնում է, որ Հայաստանի անցումը ԵՄ չափանիշներին կարող է տնտեսական հետևանքներ ունենալ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր, որ նման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել ինտեգրացիոն տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի հետ, իսկ հանրապետությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառով էներգակիրների գների բարձրացման դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14%-ը։

ՌԴ-ում Հայաստանից ներմուծվող արտադրանքի սահմանափակումների մասին

Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։

Ռոսսելխոզնադզորի սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային խմիչքները, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը։

Գերատեսչությունում որպես պատճառ են նշել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ ալգորիթմի մշակումը։