Հիվանդ կենդանիների կաթ կամ ներմուծված հումք չի օգտագործվել. ՍԱՏՄ-ն՝ կաթնամթերք արտադրող 4 ընկերություններում ստուգումների մասին
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Կաթնամթերք արտադրող հայկական չորս ձեռնարկություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների համատեղ ստուգման ընթացքում հիվանդ կենդանիների կաթի կամ ներկրված հումքի օգտագործման նշաններ չեն հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
«Ռոսսելխոզնադզորն» ավելի վաղ՝ ուրբաթ օրը, տեղեկացրել էր, որ 2026 թ.-ի հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա։
Տեսչական մարմնում հիշեցրել են, որ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է մշտապես՝ ինչպես ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, այնպես էլ սպառողների բողոքների հիման վրա։
«Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքերը ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել», — ասված է հաղորդագրության մեջ։
Տեսչության տվյալներով՝ ըստ ներկայացված փաստաթղթերի, արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:
ՍԱՏՄ-ն ընդգծել է, որ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում
Գերատեսչությունը վստահեցրել է, որ հետևողական է այն հարցում, որ սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին։
Կարդացեք նաև. ՌԴ–ն սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

