Հայաստանն ու Վրաստանը քննարկել են ուղիղ ավիաչվերթների ակտիվացումն ու էներգետիկ համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանում՝ Բաթումի քաղաքում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը, հայտնել է Խուդաթյանը Facebook-յան իր էջում։
Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։
Ֆորումի շրջանակում Խուդաթյանը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում երկուստեք ընդգծել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների մեկնարկի և չվերթների ակտիվացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։
Կողմերը քննարկել են բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում։
Նախարարները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

