Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը կարող է սրել Հայաստանի պարտքային ռիսկերը. նախկին ֆինանսների նախարար

31.07.2026, 13:36
Վարդան Արամյանը նշել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել արտահանման կրճատման և ընթացիկ հաշվի պակասուրդի ավելացման
Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը կարող է սրել Հայաստանի պարտքային ռիսկերը. նախկին ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի տնտեսական հարաբերությունների վատթարացումը Ռուսաստանի հետ կարող է հանգեցնել արտահանման կրճատման, ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնման և պարտքային ռիսկերի աճին։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Fitch Ratings-ն ավելի վաղ հաստատել էր Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ՝ ռիսկերի շարքում նշելով Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության հնարավոր աճը և դրա ազդեցությունը առևտրի ու այլ տնտեսական կապերի վրա։

«Fitch-ի կողմից ընդգծված գործոնները փոխկապակցված են։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել արտահանման կրճատման և ընթացիկ հաշվի պակասուրդի ավելացման», - ասել է նա։

Արամյանի խոսքով՝ 2025 թ.-ի արդյունքներով Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է շուրջ 2.6 միլիարդ դոլար, հիմնականում ապրանքների առևտրի բացասական հաշվեկշռի պատճառով, որը կազմել է մոտ 3.8 միլիարդ դոլար։ Համեմատության համար՝ 2022 թվականին պակասուրդը կազմում էր 85 միլիոն դոլար։

Նախկին նախարարը նշել է, որ արտաքին պակասուրդը ֆինանսավորել կարելի է օտարերկրյա ուղղակի ներդրումների, մասնավոր հատվածի արտաքին պարտքի և պետական պարտքի հաշվին։ Սակայն ներդրումների անբավարար ներհոսքի դեպքում հիմնական բեռը կարող է տեղափոխվել դեպի պարտքային աղբյուրներ։

«Ուղղակի ներդրումների էական աճ դժվար է ակնկալել առանց սեփականության իրավունքների պաշտպանության և կանխատեսելի բիզնես-միջավայրի», - ընդգծել է Արամյանը։

Նա հավելել է, որ պետական ֆինանսների վրա լրացուցիչ ճնշում են գործադրում վերջին տարիների ընթացիկ ծախսային պարտավորությունները։ Եթե կառավարությունը չվերանայի ծախսերի կառուցվածքը և չձևավորի եկամուտների կայուն աղբյուրներ, պետական պարտքի հետագա աճի ռիսկը կպահպանվի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ հղումով։