Սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ–ի հետ կապված իրավիճակի մասին

30.07.2026, 13:08
Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի հետ կապված իրավիճակը շատերը ճգնաժամ են համարում, սակայն ինքը դա համարում է հնարավորություն
Սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ–ի հետ կապված իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի հետ կապված իրավիճակը շատերը ճգնաժամ են համարում, սակայն ինքը դա համարում է հնարավորություն։

«Սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն է։ Սա պատուհան է, որը մենք ինքներս ենք բացել մեր առաջ», - ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Նա ընդգծեց, որ այս ուղղությամբ պետական աջակցությունը պետք է ուղղված լինի զարգացմանը։

«Այս աջակցության արդյունքում մարդիկ պետք է նույն կետի վրա չմնան, պետք է առաջ գնան», - նշեց վարչապետը։

Նրա խոսքով` ավարտվել է այն դարաշրջանը, երբ Հայաստանը չունի այլընտրանք։

«Մենք ամեն տեղ և անընդհատ պետք է ունենանք այլընտրանք», - հայտարարեց Փաշինյանը։

Ռուսաստան հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով:

Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրեղենը, ավելի ուշ՝ կենդանի ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելք դեպի ԵԱՏՄ այլ երկրներ:

Կարդացեք նաև․ Դա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը կլինի. Փաշինյանը՝ Հայաստանի առջև ծառացած սահմանափակումների մասին