Չեմպիոնական գոտին գալիս է Հայաստան․ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է RAF լիգայի չեմպիոն թեթևագույն քաշային կարգում (ՎԻԴԵՈ)

19.09.2026, 14:51
Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան, գրել է RAF լիգայի չեմպիոն Արսեն Հարությունյանը․ ՎԻԴԵՈ
Չեմպիոնական գոտին գալիս է Հայաստան․ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է RAF լիգայի չեմպիոն թեթևագույն քաշային կարգում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի նոր չեմպիոնը թեթևագույն քաշային կարգում։

Սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 մրցաշարի տիտղոսային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը հաղթել է ամերիկացի Օսթին ԴեՍանտոյին, հաղորդում է sportaran.com–ը։

Գոտեմարտը տևել է ամբողջ նախատեսված ժամանակը՝ երեք մրցափուլ, և ավարտվել է Հարությունյանի հաղթանակով՝ 6:3 հաշվով։

Մենամարտը լարված և հավասար պայքարում է անցել։ Արսենը առաջ է անցել 2:0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում ԴեՍանտոն կարողացել է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և հավասարեցնել հաշիվը։

Վճռորոշ է դարձել գոտեմարտի վերջին հատվածը։ Հարությունյանը կրկին ավելացրել է տեմպը, կատարել մի քանի արդյունավետ գործողություն և տեյքդաունների ու վերահսկողության շնորհիվ ապահովել հաղթանակը՝ 6:3։

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչը չեմպիոնական գոտին խլել է ԴեՍանտոյից։ Մինչ Հարությունյանի հետ հանդիպումը ամերիկացին RAF-ում երեք հաղթանակ էր տարել և դարձել կազմակերպության չեմպիոն։ 2026 թվականին ԴեՍանտոն նաև հաղթել է Պանամերիկյան առաջնությունում՝ մինչև 61 կգ քաշային կարգում։

Արսեն Հարությունյանի համար սա RAF լիգայում երրորդ գոտեմարտն էր։ Հայ ըմբիշը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և դարձավ կազմակերպության չեմպիոն։

Ինչպես գրել է Արսենը Facebook–յան իր էջում, իր համար մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը։