2026թ. ՖԻԲԱ-ի բասկետբոլի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին Հայաստանը ներկայացված է 5 հավաքականով

14.09.2026, 17:03
ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2026 թվականի բասկետբոլի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական հավաքականների՝ Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի մասնակցության տվյալները
2026թ. ՖԻԲԱ-ի  բասկետբոլի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին Հայաստանը ներկայացված է 5 հավաքականով

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2026 թվականի բասկետբոլի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական հավաքականների՝ Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի մասնակցության տվյալները, հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Հայաստանը 2026 թվականին ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 հավաքականներով։

Ըստ Ֆեդերացիայի` այս ցուցանիշով Հայաստանը 50 եվրոպական երկրների շարքում կիսում է 28–35-րդ տեղերը և ընդգրկված է այն երկրների խմբում, որոնք ակտիվ մասնակցություն ունեն ՖԻԲԱ-ի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին։

2026 թվականին տղամարդկանց երիտասարդական մրցաշարերում գրանցված է ընդհանուր 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։

Ֆեդերացիան նաև հիշեցրել է, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալել է տղաների Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնը, որտեղ Հայաստանի հավաքականը, անպարտելի անցնելով մրցաշարը, դարձել է չեմպիոն։