Այդ սովետական «փտած» մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են. Ավինյանը` ԲԿ–ներում բուժառուների նկատմամբ վերաբերմունքի մասին

14.09.2026, 13:26
Ավինյանը նշեց, որ սա շատ խիստ հանձնարարական է և խիստ ձևով պետք է հետևել դրան
Այդ սովետական «փտած» մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են. Ավինյանը` ԲԿ–ներում բուժառուների նկատմամբ վերաբերմունքի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է պատշաճ վերաբերմունք ապահովել բժշկական կենտրոններում բուժառուների նկատմամբ։

«Կարևոր է, որ մեր առողջության կենտրոններում և ԲԿ-ներում բուժառուների նկատմամբ վերաբերմունքը լինի պատշաճ։ Այդ ԲԿ-ների և առողջության կենտրոնների ենթակառուցվածքների բարենորոգումը նշանակում է, որ ընդհանուր միջավայրն էլ պետք է փոխվի», - ասաց Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով՝ բուժառուների նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի հարգալից՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից։

«Այդ սովետական «փտած» մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են։ Անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ որևէ բանից՝ բուժառուների նկատմամբ պետք է լինի հարգալից վերաբերմունք», - հայտարարեց Ավինյանը։

Քաղաքապետը նշեց, որ սա շատ խիստ հանձնարարական է և խիստ ձևով պետք է հետևել դրան։

Կարդացեք նաև․ «Որպեսզի միջին մակարդակի «չինովնիկներ» սև փող չաշխատեն»․ Ավինյանն առաջարկել է կայանատեղիների ապօրինի կազմակերպումը բերել օրինական դաշտ