ԱՄՆ–ում Բազինյան եղբայրները նետվել են կրակով պատված ծերանոցի շենք և փրկել տարեցների կյանքը (ՎԻԴԵՈ)

14.09.2026, 12:41
Եղբայրներ Ալեքս և Նարեկ Բազինյաններն օգնել են տարհանել տարեցներին Գլենդեյլ քաղաքում գտնվող ծերանոցի այրվող շենքից․ ՎԻԴԵՈ
ԱՄՆ–ում Բազինյան եղբայրները նետվել են կրակով պատված ծերանոցի շենք և փրկել տարեցների կյանքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Եղբայրներ Ալեքս և Նարեկ Բազինյաններն օգնել են տարհանել տարեցներին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում գտնվող ծերանոցի այրվող շենքից, հայտնում է ABC7 Los Angeles-ը:

Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 11-ին, 17:00-ի սահմանաներում, Մաունթին և Ալեն փողոցների շրջանում: Հրշեջների տվյալներով՝ բռնկման պահին շենքում եղել է երկու բուժույր և վեց տարեց պացիենտ:

Հարևանությամբ ապրող Ալեքս Բազինյանն ու նրա դեռահաս եղբայր Նարեկը եղել են օգնության հասածների թվում:

«Տեսանք, թե ինչպես բուժույրը դուրս վազեց տնից և սկսեց օգնություն կանչել, ինչից հետո մենք ուղղակի ներս վազեցինք»,- հեռուստաալիքին պատմել է Ալեքս Բազինյանը:

Նրա խոսքով՝ ներսում նա տեսել է հատակին ընկած տարեցների, ինչից հետո սկսել է դուրս բերել նրանց մեկը մյուսի հետևից:

Դեպքի վայրից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են հարևաններն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները տարհանում տարեցներին կրակով և թանձր ծխով պատված շենքից:

Հրդեհը հաջողվել է մարել, սակայն տունը լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ դրա տանիքը մասնակիորեն փլուզվել է: Քննիչները պարզում են բռնկման պատճառները։ 

Յոթ մարդ, այդ թվում՝ հարևաններից մեկըտեղափոխվել են հիվանդանոց: ABC7-ի տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Եթե կարող եք օգնել, դա առաջին բանն է, որ պետք է անել: Պարզապես միշտ օգնեք»,- ասել է Նարեկ Բազինյանը: