Երևանում տղամարդը պատուհանից մտել է կենդանիների խնամքի սրահի, աշխատակցի ձեռքից հափշտակել 50 հազ․ դրամ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի – Արմենիա/․ Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Ժամը 6-ին մի տղամարդ հարմարեցված գործիքով բացել էր սրահի պատուհանը, մտել ներս, և հանդիպել էր աշխատակցի դիմադրությանը, ձեռքից հափշտակել 50 հազար դրամ։
Փորձել էր բացել նաև սրահի չհրկիզվող պահարանը, սակայն չէր հաջողել ու դիմել էր փախուստի։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։
Արագ արդյունք տվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների համագործակցությունը։
Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վարդաշեն թաղամասի իր տան մոտ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց 36-ամյա տղամարդը և ներկայացվեց նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։

