Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար ընթերցասրահ, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Աջակից ընթերցասրահ» խորհրդանշական անվանումով ընթերցասրահը բացվել է գրադարանի առաջին հարկում` ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն։
Ընթերցասրահը համալրված է ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Սա հնարավորություն կտա գրականությունն ու տեղեկատվությունը ներկայացնել տարբեր ձևաչափերով` գրադարանային ծառայությունները դարձնելով առավել հարմարավետ, արդյունավետ և մատչելի։
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը բացման արարղության ժամանակ նշել է, որ կառավարությունը կարևոր առաջնահերթություն է համարում սահմանափակ կարողություններով մարդկանց համար հնարավորություններ ստեղծելը:
«Նպատակն է՝ քաղաքացիներն ունենան հավասար հնարավորություններ՝ օգտվելու բոլոր ենթակառուցվածքներից»,- ասել է Քոչարյանը։
Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էլ նշել է, որ Գրադարանից օգտվելու հասանելիությունը սահմանափակ կարողություններով անձանց համար ավելի քան առաջնային է։
Բացմանը ներկա են եղել նաև Ծիածան Այվազյանի ընտանիքի անդամները, Ազգային գրադարանի ընթերցողները, աշխատակիցները, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան ներկայացուցիչները։
ԿԳՄՍ նախարարությունը նշել է, որ Ծիածան Այվազյանը նախկինում շուրջ 11.000 կտոր գրականություն է նվիրաբերել գրադարանին:
1991 թվականին նա, հայ գրադարանավարների հետ ունեցած սերտ համագործակցության և գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար, Հայաստանի ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։

