Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ` պահանջելով հրապարակային ներողություն և 3 մլն դրամ` որպես վիրավորանքի համար փոխհատուցում։ Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Ներկայացված պահանջի համաձայն՝ հայցվորը խնդրում է դատարանին պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին Սամվել Կարապետյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել 2026 թվականի մայիսի 29-ին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։
Ըստ հայցադիմումի՝ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Facebook-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով` «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրով և ընթերցի դատարանի սահմանած տեքստը:
Կարապետյանը նաև պահանջում է, որ տեսանյութը և դրա խորագիրը չպարունակեն որևէ մեկնաբանություն կամ հավելում Փաշինյանի կամ երրորդ անձանց կողմից և բաղկացած լինեն բացառապես ներողության տեքստից:
Բացի այդ, Կարապետյանը պահանջում է Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

