Երևանում տղամարդը վեճի ժամանակ մեքենայից վերցրել հրազենի նմանվող առարկա և, հայհոյանքներ հնչեցնելով, հետապնդել մեկ այլ անձի (ՎԻԴԵՈ)

09.09.2026, 14:54
Երևանում տղամարդը վիճաբանությունից հետո հրազենի նմանվող առարկայով հետապնդել է քաղաքացուն․ ՎԻԴԵՈ
Երևանում տղամարդը վեճի ժամանակ մեքենայից վերցրել հրազենի նմանվող առարկա և, հայհոյանքներ հնչեցնելով, հետապնդել մեկ այլ անձի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թաղամասերից մեկում 33-ամյա տղամարդը վիճաբանել է մեկ այլ անձի հետ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Միջադեպի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չէր ստացվել։

«Վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ապա, իր առավելությունն ընդգծելու նպատակով, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և, շարունակելով հայհոյանքներ հնչեցնել հետապնդել է նշված անձին», - նշված է հաղորդագրության մեջ։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացել է Ոստիկանություն։

Խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։

Կատարվում է նախաքննություն։