«Հարց լուծելու» համար դիմել են Վանաձորի 25-ամյա բնակչին, նա էլ` Վրաստանի բնակչին. բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ
ԵՐԵՎԱՆ 9 սեպտեմբերի, /Նովոստի-Արմենիա/. Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ինչպես արդեն հայտնել էին՝ քրեական աստիճանակարգության բարձր կարգավիճակ ունեցող 46-ամյա մի տղամարդ Վանաձորի 25-ամյա բնակչի հետ ստեղծել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում և տարիներ շարունակ նախապատրաստել ու կատարել տարբեր հանցագործություններ։
Քրեական ոստիկանների հետագա միջոցառումներով հիմնավորվել են նոր դրվագներ, ի հայտ են եկել քրեական ենթամշակույթ կրող այլ անձանց վերաբերյալ տվյալներ։
«Պարզվել է, որ կալանավայրում գտնվող 46-ամյա տղամարդու որդին հոր միջնորդությամբ, անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով մասնավոր հարցերին առնչվող խնդիրներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ճանաչված վարքագծի կանոններին համապատասխան լուծում տալու համար դիմել է տնային կալանքում գտնվող Վանաձորի 25-ամյա բնակչին, որն էլ, քրեական ենթամշակույթի բարքերին համապատասխան, միջամտել է վեճին։
Մեկ այլ դրվագով՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի անձ տեղակացել է մեկ այլ անձի կողմից կատարված գործողության մասին, որն, այսպես ասած, հակասում է քրեական ենթամշակույթի բարքերին։ Նա դիմել է նույն Վանաձորի 25-ամյա բնակչին, որն էլ հարցը լուծել է՝ դիմելով Վրաստանի բնակիչ քրեական ենթամշակույթի մի ներկայացուցչի», - նշված է հաղորդագրության մեջ։
Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ 46 և 25-ամյա անձինք կալանավորված են։

