Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Խաչվերացը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը:
Ինչպես նշվում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ, նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազան Հայրն, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ Խաչվերացը տխրության, սգի, տրտմության ու չարչարանքի գիտակցության օր չէ, այլ խաչի հաղթության ու բարձրացման:
Խոսելով Խաչվերացի տոնի պատմական իրադարձությունների մասին՝ Միքայել արքեպիսկոպոսն ընդգծեց, որ ինչպես մեր եկեղեցական ցանկացած տոն, Խաչվերացը ևս ասելիք ունի այսօրվա մարդուն։ Այն մեզ համար սոսկ պատմական իրադարձություն չէ, այլ այսօր տեղի ունեցող կենդանի իրողություն, որը միտված է փոխակերպելու մեզ, որպեսզի մենք նմանվենք մեր երկնավոր Հորը։
«Խաչվերացը պատգամ ունի՝ փարվելու խաչին ու Խաչյալի խորհրդին և դրանով վաստակելու հարություն ոչ միայն անհատական, այլև հավաքական ու հայրենական կյանքում: Խաչը պետք է հաղթական լինի մեր երկրի բոլոր անկյուններում, և երբեք թույլ չպիտի տանք, որ խաչի նշանն անարգվի», - հավելեց Պատարագիչ սրբազանը։
Քարոզի վերջում, վերըստին դիմելով ներկաներին, Սրբազան Հայրը պատգամեց՝ Քրիստոսի Կենարար խաչն ունենալ սրտերում, մտքերում և հոգիներում՝ իբրև կենարար մի աղբյուր, որը կյանք է տվել դարեր շարունակ, կյանք է տալիս այսօր և տալու է վաղը, որովհետև Խաչյալին մահ չկա, և խաչին փարվածին սպասվում է հարություն ու հաղթանակ:
Խաչվերացի ավանդույթը
Հայ Առաքելական Եկեղեցում Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 14-ին ամենամոտ կիրակի օրը։ 2026 թվականին տոնը համընկնում է սեպտեմբերի 13-ին։
Երեկոյան կատարվում են Խաչով հանդիսավոր թափոր և Անդաստանի կարգ։ Եկեղեցական ավանդության համաձայն՝ Խաչը զարդարում են ծաղիկներով և ռեհանով։ Անդաստանի ժամանակ օրհնվում են աշխարհի չորս կողմերը և Խաչը զարդարող ռեհանը։
Խաչվերացը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից վերջինն է և Սուրբ Խաչին նվիրված տոների մեջ գլխավորը։
Խաչվերացին հաջորդող օրը Հայ Եկեղեցում նշվում է Մեռելոցը՝ հանգուցյալների հիշատակության օրը։

