Կենսաչափական անձնագրերի թողարկումը կմեկնարկի նոյեմբերի 1–ից․ նախարարը պարզաբանել է, թե ինչով են դրանք տարբերվում հին նմուշի անձնագրերից (ՎԻԴԵՈ)

12.09.2026, 00:03
Արփինե Սարգսյանը պարզաբանել է կենսաչափական և հին նմուշի անձնագրերի տարբերությունը․ ՎԻԴԵՈ
Կենսաչափական անձնագրերի թողարկումը կմեկնարկի նոյեմբերի 1–ից․ նախարարը պարզաբանել է, թե ինչով են դրանք տարբերվում հին  նմուշի անձնագրերից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերից նախատեսվում է մեկնարկել նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Առաջիկա շաբաթների ընթացքում հանրությանը մանրամասն կներկայացվի, թե ինչ է իրենից ներկայացնում կենսաչափական նոր համակարգը, ինչ է այն փոխելու քաղաքացիների համար և ինչու է դրա ներդրումը կարևոր երկրի համար», – նշել է Սարգսյանը։

Նախարարի խոսքով, նոր կենսաչափական փաստաթուղթը պարզապես նոր անձնագիր չէ, այլ սահմանային անցակետերում թվային նույնացումն ապահովող հատուկ միջոց։

«Այս նույնացումն իրականացվելու է անձնագրում տեղադրված անտեսանելի նոր սերնդի չիպի միջոցով, որը լինելու է փոխճանաչելի ամբողջ աշխարհում։ Գործող՝ առանց էլեկտրոնային կրիչի կամ հին նմուշի կրիչով անձնագրերը եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում թերթել ու ձեռքով հետազոտել, ինչի պատճառով կեղծիքի հավանականությունը համեմատաբար մեծ է», – պարզաբանել է նախարարը։

Նա ավելացրել է, որ կենսաչափական անձնագրերի պարագայում սահմանային նույնացման գործընթացը տևելու է ընդամենը վայրկյաններ, իսկ փաստաթղթերի կեղծման հնարավորությունը հասցվելու է մոտ զրոյի։

Մանրամասները՝ տեսանյութում։