Ուշագնացություն, այրվածք կամ կոտրվածք․ առաջին օգնության ուղեցույց՝ 6 արտակարգ իրավիճակի դեպքում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արտակարգ իրավիճակում ճիշտ և արագ ցուցաբերված առաջին օգնությունը կարող է կանխել մարդու վիճակի վատթարացումը, իսկ որոշ դեպքերում՝ փրկել կյանքը։
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, նշվում է Առաջին օգնության համաշխարհային օրը։ Այն նշվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը։
Օրն անցկացվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) նախաձեռնությամբ՝ առաջին օգնության կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը այս օրվա կապակցությամբ ներկայացնում է ուղեցույց՝ ինչ անել 6 արտակարգ իրավիճակներում մինչև մասնագիտական բժշկական օգնության հասանելի լինելը։
1․ Մարդն ուշագնաց է եղել փողոցում կամ հանրային տրանսպորտում
• Ստուգել արձագանքը․ բարձր ձայնով դիմել մարդուն, արձագանքի բացակայության դեպքում՝ թեթև հպել ուսին և կրկին դիմել։
• Եթե մարդը չի արձագանքում, անմիջապես զանգահարել շտապ օգնություն։
• Եթե մարդը շնչում է, պառկեցնել կողքի անվտանգ դիրքով՝ գլուխը պահելով այնպես, որ շնչուղիները բաց մնան։ Եթե գլխի, պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կասկած կա, առանց անհրաժեշտության չտեղաշարժել։
• Շարունակել հետևել շնչառությանը և վիճակին մինչև շտապ օգնության ժամանումը։
2․ Օձի կամ միջատի խայթոց արշավի ժամանակ

• Օձի խայթոցի դեպքում մարդուն պահել հնարավորինս հանգիստ, սահմանափակել շարժումները և հնարավորինս արագ դիմել բժշկական օգնության՝ չսպասելով ախտանիշերի առաջացմանը։
• Եթե կա մատանի, ժամացույց կամ այլ սեղմող առարկա, հանել, քանի որ կարող է այտուց առաջանալ։
• Չծծել թույնը, չկտրել կամ չայրել խայթոցի տեղը, չկապել վերջույթը պինդ ժապավենով կամ լարանով, չդնել սառույց։
• Միջատի խայթոցի դեպքում ստուգել խայթոցի տեղը։ Եթե միջատի խայթիչը մնացել է մաշկի մեջ, զգուշորեն հեռացնել այն։
• Խայթոցի տեղը լվանալ ջրով և օճառով։ Միջատի խայթոցի դեպքում այտուցը նվազեցնելու համար դնել սառը կոմպրես։
• Եթե միջատի խայթոցից հետո առաջանում են շնչառության դժվարացում, դեմքի, շուրթերի կամ լեզվի այտուց, տարածուն ցան, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, անմիջապես զանգահարել շտապ օգնություն։
3․ Մարդը խեղդվում է սնունդ ուտելիս

• Եթե մարդը կարողանում է ուժեղ հազալ կամ խոսել, թողնել, որ շարունակի հազալ՝ հետևելով վիճակին։
• Եթե մարդը չի կարողանում արդյունավետ հազալ, խոսել կամ նորմալ շնչել, անմիջապես զանգահարել շտապ օգնություն։
• Եթե մարդը գիտակից է, բայց չի կարողանում արդյունավետ հազալ, խոսել կամ նորմալ շնչել, կատարել 5 ուժեղ հարված թիակների միջև՝ ափի հիմքով, ապա 5 որովայնային սեղմում՝ դեպի ներս և վեր։ Հերթափոխով շարունակել 5 հարվածն ու 5 որովայնային սեղմումը, մինչև մարդը կարողանա ուժեղ հազալ, խոսել կամ շնչել։
• Եթե մարդը կորցնում է գիտակցությունը, զգուշորեն պառկեցնել ամուր, հարթ մակերեսի վրա և սկսել սրտի անուղղակի մերսում՝ կրծքավանդակի սեղմումներից։
• Եթե բերանում օտար մարմինը տեսանելի է, հեռացնել այն։ Չփորձել մատներով կուրորեն հանել օտար մարմինը, եթե այն տեսանելի չէ։
4․ Այրվածք՝ եռացող ջրից, յուղից կամ կրակից

• Հեռացնել մարդուն այրվածքի պատճառ հանդիսացող աղբյուրից։ Եթե հագուստն այրվում է, մարել կրակը։
• Այրված հատվածը հնարավորինս արագ պահել սառը հոսող ջրի տակ առնվազն 20 րոպե։
• Հանել այրված հատվածի մոտ գտնվող մատանիները, ժամացույցը և հագուստը, եթե դրանք կպած չեն մաշկին։ Մաշկին կպած հագուստը չպոկել։
• Սառեցնելուց հետո այրված հատվածը թեթև ծածկել մաքուր, չկպչող կտորով։
• Եթե այրվածքը մեծ է կամ խոր, գտնվում է դեմքի, ձեռքերի, ոտքերի շրջանում, կամ մարդը դժվարությամբ է շնչում, անմիջապես կանչել շտապ օգնություն։
• Չպայթեցնել բշտիկները, չքսել յուղ կամ կարագ, չդնել սառույց այրվածքի վրա։
5․ Քթից ուժեղ արյուն է գալիս
• Մարդուն նստեցնել և գլուխը մի փոքր առաջ թեքել։
• Քթի փափուկ հատվածը մատներով ամուր սեղմել և պահել 10–15 րոպե։
• Սառը կոմպրես դնել քթի կամրջի կամ քթի շրջանի վրա։
• Կանչել շտապ օգնություն, եթե արյունահոսությունը շատ ուժեղ է կամ շիթով է, չի դադարում 15 րոպե քիթը սեղմած պահելուց հետո, կապված է գլխի, պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի հետ, կամ մարդու վիճակը վատանում է։
• Չթեքել գլուխը հետ, չպառկեցնել մարդուն և չթողնել, որ արյունը կուլ տա։
6․ Առաջին օգնություն՝ կոտրվածքի կամ սալջարդի դեպքում

• Վնասված հատվածը հնարավորինս անշարժ պահել և չփորձել ուղղել կամ վերադարձնել բնական դիրքի։
• Եթե կա այտուց կամ սալջարդ, դնել սառը կոմպրես՝ փաթաթված կտորով, մինչև 20 րոպե։ Սառույցն անմիջապես մաշկին չդնել։
• Եթե կա բաց վերք և արյունահոսություն, մաքուր կտորով կամ վիրակապով ճնշում գործադրել վերքի վրա՝ առանց դուրս ցցված ոսկորի վրա սեղմելու։
• Անմիջապես կանչել շտապ օգնություն, եթե վերջույթը ծուռ կամ անբնական դիրքում է, ոսկորը դուրս է եկել մաշկից, կա թմրություն, ծակծկոց կամ վնասվածքից ներքև հատվածը սառն է։
• Չփորձել ինքնուրույն ուղղել կոտրվածքը կամ հոդախախտը, չստիպել մարդուն քայլել կամ շարժել վնասված հատվածը։
Կարևոր է. առաջին օգնությունը չի փոխարինում մասնագիտական բժշկական օգնությանը։ Կյանքին կամ առողջությանը սպառնացող վիճակների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկի։
Ուղեցույցը պատրաստվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նյութերի հիման վրա։

