Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է համայնքների միավորման նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Առաջարկում է Լոռու մարզում Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ձևավորել նոր՝ Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նշեց, որ նախաձեռնության ընդունմամբ համայնքների ընդհանուր թիվը կդառնա 62։
«Միավորման նշված ծրագրերն իրականացվել են փնջային կամ շրջանային մոդելներով»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանային մոդելով միավորված համայնքներն առավել արդյունավետ են իրականացնում տեղական ինքնակառավարումը, ունեն զարգացած ենթակառուցվածքներ, ֆինանսական և մասնագիտական կարողություններ։

