Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Երևանում կայացած Ստեփան Սարգսյանի գավաթի մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 14 /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 10-13-ն անցկացված Ստեփան Սարգսյանի 26-րդ միջազգային մրցաշարում՝ նվաճելով ընդհանուր առմամբ 9 մեդալ (3 ոսկե և 6 բրոնզե)։
Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Նշվում է, որ Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն են արժանացել Մանվել Խնձրցյանը (57 կգ, Սարգիս Բեգոյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (70 կգ):
Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել և բրոնզե մեդալներով պարգևատրվել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Բունաթյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ):
Այս տարի միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցել է 15 երկրի շուրջ 200 մարզիկ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը և Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովը։
Մրցաշարը նվիրված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին: Մրցաշարի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել էր ավելի քան 25 միլիոն դրամ։

