Այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը հետ խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև հայկական կողմը լսի պարզաբանում կամ ներողություն, հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանին հիշեցրեց, որ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռազմիկ Խումարյանը, ըստ մամուլի հրապարակումների, 2024 թվականի հունիսի 13-ին հրավիրվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք դեսպանը վերադարձել է իր պաշտոնին: Փոխնախարարը նշեց, որ հարցը պետք է ուղղել արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներին:
Ռուբինյանը պատասխանեց հարցին՝ հիշեցնելով, որ Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է խորհրդակցությունների այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմն Ադրբեջանի հետ պլանավորել են։
Նա ընդգծեց, որ Բելառուսը Հայաստանի հետ նույն պաշտպանական կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ է:
«Այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն լսենք: Պա՞րզ է: Այ այդքան կտևեն», - ասաց Ռուբինյանը:
«Հայտարարում են, որ մեր դեմ պատերազմ են պլանավորել, գալիս եք, հեգնանքով ասում եք՝ ինչքա՞ն կտևեն խորհրդակցությունները: Ինչքան պետք է՝ այդքան կտևեն»,- ասաց Ռուբինյանը:

