Դատարանը որոշել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից հօգուտ համայնքի բռնագանձել ավելի քան 70 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցն ընդդեմ մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված վնասի հատուցման պահանջով։
Այս մասին նշվում է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։ Հայցվոր կողմը պահանջում էր նախկին պաշտոնյայից բռնագանձել 76 միլիոն 822 հազար դրամ՝ որպես համայնքին հասցված վնասի հատուցում։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ։ Միաժամանակ, դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ։
Նշվում է, որ ներկայացված հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թ.-ի հուլիսի 7-ի վճռով դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի համայնքի կբռնագանձվի նշված 76 միլիոն 822 հազար դրամ գումարը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

