Fitch. Ադրբեջանի հետ պատերազմի ռիսկը Հայաստանի համար նվազել է, Ռուսաստանի հետ լարվածությունն աճում է

13.07.2026, 19:57
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղումը զգալիորեն նվազեցրել է ռազմական էսկալացիայի ռիսկերը կարճաժամկետ հեռանկարում, սակայն վերջնական կարգավորման վերաբերյալ անորոշությունը պահպանվում է
Fitch. Ադրբեջանի հետ պատերազմի ռիսկը Հայաստանի համար նվազել է, Ռուսաստանի հետ լարվածությունն աճում է

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղումը զգալիորեն նվազեցրել է ռազմական էսկալացիայի ռիսկերը կարճաժամկետ հեռանկարում, սակայն վերջնական կարգավորման վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Նման գնահատական է ներկայացված Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։

Գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը (IDR) «BB-» մակարդակում՝ «Դրական» կանխատեսմամբ:

««Դրական» կանխատեսումն արտացոլում է Հայաստանի միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը, տնտեսական աճի պահպանվող կայուն տեմպերը, որոնք կնպաստեն միջնաժամկետ հեռանկարում պետական պարտքի կայունացմանը, ինչպես նաև տևական աշխարհաքաղաքական ռիսկերի թուլացման հեռանկարները»,- նշում է Fitch-ը:

Աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվում են

Fitch-ի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային համաձայնությունը զգալիորեն նվազեցրել է ռազմական էսկալացիայի հավանականությունը կարճաժամկետ հեռանկարում:

Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է խաղաղության գործընթացի հաջող ավարտի վերաբերյալ պահպանվող անորոշությունը, այդ թվում՝ Հայաստանում սահմանադրական հնարավոր հանրաքվեի անցկացման հետ կապված:

Բացի այդ, Fitch-ի գնահատմամբ, Ռուսաստանի հետ հարաբերություններում դիվանագիտական լարվածության ուժեղացումը ռիսկեր է ստեղծում հայկական տնտեսության համար՝ հատկապես հաշվի առնելով դրա զգալի կախվածությունը ռուսական էներգակիրների ներմուծումից:

Ընտրություններ և քաղաքականություն

Fitch-ը նշում է, որ 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը ենթադրում է վարած քաղաքականության շարունակականության պահպանում, ներառյալ՝ հետագա մերձեցումը արևմտյան երկրների հետ:

Ընդ որում, կուսակցությունը չի ստացել պատգամավորական մանդատների երկու երրորդի մեծամասնությունը, որն անհրաժեշտ է Սահմանադրության մեջ ինքնուրույն փոփոխություններ կատարելու համար։

«Սահմանադրությունից Ղարաբաղի վերաբերյալ հղումների հեռացումը Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու պայման է և, հավանաբար, կպահանջի հանրաքվեի անցկացում՝ հնարավոր է 2027 թվականին, ինչը մնում է անորոշության աղբյուր խաղաղության գործընթացի համար»,— նշում են Fitch-ի վերլուծաբանները: