Բալի գարեջուր և ոչ միայն․ Երևանում կանցկացվի «Գարեջրի օրեր» հինգերորդ, հոբելյանական փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Գարեջրի օրեր» հինգերորդ, հոբելյանական փառատոնը կանցկացվի հուլիսի 17–19-ը Երևանի կենտրոնում՝ Զաքյան փողոցում, հայտնել է «EventToura» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը:
«Ինչպես և նախորդ տարիներին, նախատեսված են բազմաթիվ խաղային գոտիներ, երաժշտական ծրագիր, հետաքրքիր մրցույթներ»,— երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Մանուկյանը:
Նրա խոսքով՝ փառատոնն ուղղված է ինչպես Հայաստանում խաղողագործության, այնպես էլ գարեջրագործության զարգացմանը:
«Այս տարի փառատոնին կմասնակցեն ավելի քան 12 տեղական քրաֆթային գարեջրատներ, սպասվում է նաև արտասահմանյան արտադրողների մասնակցությունը: Հայաստանում գարեջրագործության ոլորտի զարգացման մեծ ներուժ կա: Փառատոնի շրջանակներում այցելուները կկարողանան համտեսել գարեջրի տարբեր տեսակներ, այդ թվում՝ բալի գարեջուր»,— ասել է Մանուկյանը:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանն իր հերթին հայտարարել է, որ փառատոնը նպաստում է ոչ միայն իրադարձային տուրիզմի, այլև տնտեսության զարգացմանը:
«Փառատոների անցկացման ընթացքում մենք տեսնում ենք ոչ միայն նոր արտադրողներ ու նոր բրենդեր, այլև հետաքրքիր բիզնես նախագծեր, որոնք զարգանում են Հայաստանում և Երևանում»,— նշել է նա:

