ԵՄ–ն Հայաստանում պաշտոնապես գործարկել է հիբրիդային սպառնալիքների հակազդման առաքելություն

13.07.2026, 18:47
Եվրոպական միության խորհուրդն այսօր Հայաստանում պաշտոնապես գործարկել է նոր առաքելություն
ԵՄ–ն Հայաստանում պաշտոնապես գործարկել է հիբրիդային սպառնալիքների հակազդման առաքելություն

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական միության խորհուրդը երկուշաբթի պաշտոնապես գործարկել է նոր առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակում՝ ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում (EUPM Armenia):

«Խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել հայաստանյան իշխանություններին հիբրիդային սպառնալիքների նկատմամբ երկրի դիմակայունության ամրապնդման և անվտանգության փոփոխվող մարտահրավերներին արձագանքելու կարողությունների բարձրացման գործում»,- նշվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ:

Խորհրդում հայտարարել են, որ առաքելությունը, որը պաշտոնապես հիմնադրվել է 2026 թվականի ապրիլի 21-ին, կնպաստի հիբրիդային սպառնալիքների հակազդման գործում Հայաստանի ներուժի զարգացմանը, ներառյալ՝ կիբեռսպառնալիքները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը (FIMI), ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը:

Մասնավորապես, առաքելությունը կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտություն և կնպաստի Հայաստանի տարբեր պետական մարմինների ինստիտուցիոնալ ներուժի ամրապնդմանը՝ այս սպառնալիքներին հակազդելու համար, ինչպես նաև կաջակցի համապարփակ միջգերատեսչական մոտեցմանը՝ ամբողջ կառավարության մակարդակով:

Բացի այդ, առաքելությունը կտրամադրի գործնական խորհուրդներ օպերատիվ գործունեության վերաբերյալ և կստեղծի հատուկ նախագծային խումբ՝ իր մանդատով նախատեսված թիրախային միջոցառումների իրականացման համար՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Նշվում է, որ EUPM Armenia-ն ոչ գործադիր առաքելություն է և չի մասնակցելու հայաստանյան իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացին:

EUPM Armenia-ի մասին

EUPM Armenia առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և հանդիսանում է Եվրոպական միության համապարփակ մոտեցման մի մասը, որը համատեղում է աջակցության կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցներ՝ ուղղված երկրի ազգային անվտանգության ամրապնդմանը: Այն արտացոլում է ԵՄ հաստատակամ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և նրա ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:

Առաքելության նախնական մանդատը նախատեսված է երկու տարով: Հիմնականում դրա կազմը կձևավորվի Եվրոպական միության անդամ պետությունների կողմից գործուղված փորձագետներից:

2026 թվականի հունիսի 11-ին առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմին Ջորջ Դինեսկուն: Նախկինում նա զբաղեցնում էր Մոլդովայում ԵՄ գործընկերության առաքելության առաջին ղեկավարի պաշտոնը: