Հայաստանում Սահմանադրությունը չի գործում. Արման Աբովյանը՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մասին (ՎԻԴԵՈ)

04.07.2026, 22:30
ՀՀ Սահմանադրական դատարանը հրաժարվեց կանգնել ՀՀ Սահմանադրության պաշտպանության դիրքերում՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին վերաքվեարկության իրավունքից, հայտարարել է քաղաքական վերլուծաբան, նախկին պատգամավոր Արման Աբովյանը. ՎԻԴԵՈ
Հայաստանում Սահմանադրությունը չի գործում. Արման Աբովյանը՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Հայաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվեց կանգնել ՀՀ Սահմանադրության պաշտպանության դիրքերում՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին վերաքվեարկության իրավունքից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է քաղաքական վերլուծաբան, նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը։

«Պետք է շատ հստակ, ուղիղ և պարզ հայտարարել, որ այսօր Հայաստանում Սահմանադրությունը չի գործում, թեև այդ առումով միամիտ հույսեր կային։ Ավելի ճիշտ՝ Սահմանադրությունը գործում է բացառապես հօգուտ իշխանությունների»,- ասել է նա։

Աբովյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կարող են հետևանքներ ունենալ նաև միջազգային մակարդակում։

«Պարզ ճշմարտություն կա. այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, իր արձագանքն է ունենալու միջազգային մակարդակում, որովհետև երկիրը լեգիտիմությունից զրկելը միշտ հարվածում է շարքային քաղաքացիներին»,- հայտարարել է Աբովյանը:

Սահմանադրական դատարանի որոշումը, որը հրապարակվել է ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումի քննության արդյունքներով, հուլիսի 4-ին ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Դիմումները ներկայացվել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ), «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների կողմից։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարության համաձայն՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր և «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավոր: