Հայաստանում կրկնակի ԱԺ ընտրություններ չեն անցկացվի. Սահմանադրական դատարանը անփոփոխ է թողել քվեարկության արդյունքները

04.07.2026, 18:14
Համապատասխան որոշումն ուրբաթ հրապարակել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը
Հայաստանում կրկնակի ԱԺ ընտրություններ չեն անցկացվի. Սահմանադրական դատարանը անփոփոխ է թողել քվեարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Սահմանադրական դատարանն ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թ.-ի հունիսի 14-ի «2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների ամփոփման մասին» որոշումը։

Համապատասխան որոշումն ուրբաթ հրապարակել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Այսպիսով, Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները, և կրկնակի ընտրություններ չեն անցկացվի։

Դիմումները ներկայացվել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ), «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության» կուսակցությունների և «Նոր ուժ» կուսակցության կողմից։

Սահմանադրական դատարանը միավորել էր դիմումները մեկ վարույթում, գործի քննությունը սկսել էր հունիսի 26-ին և ավարտել հուլիսի 1-ին, ինչից հետո դատավորները հեռացել էին խորհրդակցական սենյակ։

ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել երեք քաղաքական ուժեր. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,74%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,27%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,92%-ը։

Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել օրենքով սահմանված 4 տոկոսանոց ընտրական շեմը։

Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։