Փաստաբան. Սահմանադրական դատարանը Հայաստանի ժողովրդին զրկեց ռեալ պառլամենտարիզմ ունենալու հնարավորությունից
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը Հայաստանի ժողովրդին զրկեց ռեալ պառլամենտարիզմ ունենալու հնարավորությունից, որի դեպքում իշխող ուժը պարտավոր կլիներ կոնսենսուսի գալ, բանակցել և քննարկել օպոզիցիոն ուժերի հետ մի շարք որոշումների ընդունումը։
Հուլիսի 4-ին ՍԴ-ն, ամփոփելով 7 քաղաքական ուժերի դիմումի քննությունը, որոշեց ուժի մեջ թողնել ՀՀ ԿԸՀ 2026 թվականի հունիսի 14-ի՝ «2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների ամփոփման մասին» որոշումը։
«Հայաստանի Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն՝ առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,- լրագրողներին հայտարարել է Սահմանադրական դատարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերը ներկայացնող Օրբելյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը։
Փաստաբանն ընդգծել է, որ այս վեճը որակապես տարբերվում էր մյուսներից, քանի որ մանդատներ ստանալու կամ չստանալու հարցը բացառապես կախված էր ԿԸՀ կողմից ընդունված որոշումից։
«Ցավոք, մենք չստացանք այն, ինչ կարող էինք ստանալ. ՍԴ-ն կարող էր վերահաստատել քվեարկության ժամանակ արձանագրված խախտումները և դրանով իսկ բարձրացնել վստահությունը դատական համակարգի նկատմամբ... Փաստարկները համոզիչ էին, ժամանակը ցույց կտա, թե էլ ինչ հանգամանքներ են ազդել որոշման վրա։ Ակնհայտ է, որ հաշվի առնելով դատական նիստերի շրջանակում ներկայացված ապացույցներն ու նյութերի ուսումնասիրությամբ՝ առնվազն ԲՀԿ-ն պետք է մանդատներ ստանար»,- հայտնել է Օրբելյանը։
Նա հնարավոր է համարել, որ ցանկության դեպքում ԿԸՀ-ն կարող էր անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները ոչ թե երկու, այլ նույնիսկ 30 տեղամասում, և այդ պարագայում շուրջ 8% ձայն հավաքած «Հայաստան» դաշինքը չէր հաղթահարի 4%-անոց նվազագույն շեմը։ Օրբելյանի կարծիքով՝ նման ելքից ԿԸՀ-ին հետ է պահել միայն օրենսդրության պահանջը, որը նախատեսում է խորհրդարանում առնվազն երեք քաղաքական ուժի առկայություն։
«ՍԴ որոշումները միշտ իրավաքաղաքական բնույթ են կրում»,- հավելել է փաստաբանը՝ ափսոսանք հայտնելով, որ ՍԴ-ն փաստացի «մասնակից եղավ ձայնագողությանը, առնվազն, չկանգնեցրեց այդ գործընթացը»։
Միաժամանակ, «Ազատություն» ռադիոկայանը հրապարակում է դատական քննությունում կառավարության շահերը ներկայացնող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կարճ մեկնաբանությունը. «Կեցցե ժողովրդավարությունը»,- ասել է նա ՍԴ որոշման հրապարակումից հետո։

