Փաշինյանն ընդգծել է Թրամփի առաջնորդության կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատակամ առաջնորդության կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված համապարփակ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,- ասված է ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ Թրամփին հղված Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
Վարչապետը նշել է, որ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը, որի իրականացման ուղղությամբ մեր երկու երկրների աշխատանքը թևակոխում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այս խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան։
«Խաղաղության մասին խոսելիս, չեմ կարող չանդրադառնալ Ձեր կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդին և դրան որպես հիմնադիր անդամ Հայաստանի անդամակցությանը, ինչը հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ և ԱՄՆ ընդհանուր տեսլականի ևս մեկ ապացույց է»,-ասել է նա։
Փաշինյանը Թրամփին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հղված շնորհավորանքում վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա փետրվարին նրա այցը Հայաստան կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար։
«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում գործընկերությանը զարկ տալուց զատ՝ Ձեր այցը դարձավ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության առհավատչյան՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում մեր կապերի ընդլայնման համար»,-ասել է նա։

