Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման մասին

30.06.2026, 10:48
Կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսինքն՝ արձագանքի կարիք չենք տեսնում, ասել է Փաշինյանը
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կարիք չի տեսնում արձագանքելու Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։

«Մենք արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսինքն՝ արձագանքի կարիք չենք տեսնում», - ասաց Փաշինյանը։

Ըստ The Jerusalem Post-ի՝ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Համապատասխան բանաձևը նախարարների կաբինետի քննարկմանն է ներկայացրել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը: Կառավարության որոշումից հետո բանաձևը կներկայացվի Քնեսեթի քննարկմանը։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դիրքորոշման մասին

Իսրայելի Քնեսեթ երեք անգամ ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ։ 2018 թվականին «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգն առաջարկեց կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու օրինագիծ, սակայն այն չեղարկվեց կառավարության դիմադրության պատճառով։ 2019 թվականին Քնեսեթի մի շարք բարձրաստիճան անդամներ, ինչպիսիք են Յաիր Լապիդը և Գիդեոն Սաարը, աջակցեցին այդ քայլին, բայց այն դարձյալ չիրականացվեց կառավարության կողմից թույլ աջակցության պատճառով։ 2021 թվականին ընդդիմադիր մի քանի պատգամավորներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և ապրիլի 24-ին հիշատակի օր անցկացնելու մասին օրինագիծ։

2025 թվականի օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարեց, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։