Զբաղված ենք իրադրության կառավարմամբ. Փաշինյանը` Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում կայացած հանդիպմանը, հայտարարել է, որ իրենք զբաղված են իրադրության կառավարմամբ։
«Մենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրվել։ Եվ մենք, ինչպես պարտավոր ենք, զբաղված ենք իրադրության կառավարմամբ», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նա նշեց, որ ինքն է Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հետաքրքրություն, նման հանդիպման անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։
Վարչապետը նաև կարևորեց, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ խաղաղության գործընթացի ուղղությամբ կողմերը գնում են առաջ և կառավարում են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ։

