ՀՀ 6 ընդդիմադիր ուժեր հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը. հայտարարություն

14.06.2026, 23:28
Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ ողջ ընտրական գործընթացի ընթացքում, ներառյալ նախընտրական շրջանը և քվեարկության օրը, տեղի են ունեցել «համակարգային և կազմակերպված խախտումներ»
ՀՀ 6 ընդդիմադիր ուժեր հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի վեց ընդդիմադիր քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարությունը ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են այնպիսի պայմաններում, որոնք, այն ստորագրած քաղաքական ուժերի գնահատմամբ, «հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը»։

Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա։

Խախտումների թվում հայտարարության հեղինակները նշում են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումը և ճնշումները պետական ու համայնքային կառույցների, կրթական ու բժշկական հաստատությունների աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև ուժային գերատեսչությունների ռեսուրսների օգտագործումը քաղաքական գործընթացներում։

Առանձնահատուկ հիշատակվում է նախընտրական արշավի ընթացքում ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ու ձերբակալությունների մասին։

«Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները»,- ասված է հայտարարության մեջ։

Ընդդիմադիր ուժերը նաև հայտարարել են քվեարկության նախօրեին և ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, ընդդիմադիր շտաբների գործունեությանը միտումնավոր խոչընդոտելու մասին։ Նրանց պնդմամբ՝ իրավապահ մարմինների գործողություններն ուղղված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։

Հայտարարության հաջորդ կետը տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահման վերաբերյալ մեղադրանքն է։ Փաստաթուղթը ստորագրած քաղաքական ուժերի կարծիքով՝ հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։

Բացի այդ, ընդդիմությունը հայտարարել է ձայների հաշվարկի ժամանակ տեղի ունեցած խախտումների և առանձին տեղամասերում քվեարկության արդյունքներն ընտրողաբար անվավեր ճանաչելու մասին։ Հայտարարության մեջ պնդվում է, որ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են քվեարկության արդյունքների «կամայական խմբագրման» և այլ ապօրինի մեխանիզմների կիրառման դեպքեր, որոնք ազդել են քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։

«Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթուղթը ստորագրած քաղաքական ուժերը համարում են, որ նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։

«Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,- հայտարարել են ընդդիմադիր ուժերը։

Նրանք նաև ընդգծել են, որ կշարունակեն գործել  Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Համաձայն հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,923%-ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 3,989%-ը և չի հաղթահարել նվազագույն շեմը։