Ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ ԿԸՀ-ի դիմաց և պահանջում վերականգնել ընտրողների իրավունքները
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է հասնել իր ընտրողների իրավունքների վերականգնմանը և վիճարկել կայացած խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ կուսակցության նախաձեռնած գործողությունների գլխավոր նպատակն արդարության վերականգնումն է։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամեն ինչ անում է ընտրական գործընթացում արձանագրված պատկերը աղճատելու համար։ Միայն նման «թվաբանական աճպարարության» արդյունքում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված անցողիկ շեմը (4% - խմբ.)»,— հայտարարել է Տոնոյանը։
Նա նշել է, որ կուսակցությունը պահանջում է վերականգնել իր ընտրողների ընտրական իրավունքներն այն ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքները չեղարկվել են։
«Պետք է վերականգնվեն մեր ընտրողների ընտրական իրավունքներն այն տեղամասերում, որտեղ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Մենք վիճարկում ենք նաև ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը»,— ընդգծել է Տոնոյանը։
Բողոքի ակցիային մասնակցում են նաև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները, որոնք, նախնական տվյալներով, անցել են Ազգային ժողով։
Հայցային պահանջների մասին
ԲՀԿ-ն ավելի վաղ Վարչական դատարանում բողոքարկել էր երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ որոշումները։ Կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը դատարանում հայտարարել էր, որ այդ որոշումների հետևանքով ԲՀԿ-ի համար խնդիր է առաջացել 4 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարելու հարցում։
Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ ԿԸՀ-ն իրավասու չէր տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել, քանի որ դա մտնում է տարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների մեջ։ Ըստ նրանց՝ հանձնաժողովը կարող էր որոշում կայացնել կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին, սակայն չի արել դա։
ԿԸՀ նախագահի տեղակալն իր հերթին հայտարարել է, որ հանձնաժողովը գործել է Ընտրական օրենսգրքի շրջանակներում, և դատարանին խնդրել է մերժել հայցը։
Այս շաբաթ տեղի ունեցած ձայների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի արդյունքն ավելացել էր 147 ձայնով։ Սակայն N 35/65, N 10/51 և N 12/13 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո կուսակցությունը կորցրել է 222 ձայն։

