Արյան խումբը որոշո՞ւմ է մարդու առողջությունն ու սննդակարգը․ արյունաբանը՝ տարածված միֆերի և իրականության մասին

14.06.2026, 12:25
Արդյո՞ք արյան առաջին խումբ ունեցող մարդիկ իսկապես «բնածին մսակերներ» են, արդյո՞ք արյան խումբը կարող է որոշել մարդու առողջությունը կամ բնավորությունը․ այս և այլ հարցեր պարզաբանում ենք արյունաբան Արմեն Պետրոսյանի հետ
Արյան խումբը որոշո՞ւմ է մարդու առողջությունն ու սննդակարգը․ արյունաբանը՝ տարածված միֆերի և իրականության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․ /Նովոստի–Արմենիա/․ Արյան խումբը մարդու օրգանիզմի կարևոր կենսաբանական առանձնահատկություններից է, սակայն դրա շուրջ տարիներ շարունակ ձևավորվել են բազմաթիվ կարծրատիպեր ու միֆեր։

Արդյո՞ք արյան առաջին խումբ ունեցող մարդիկ իսկապես «բնածին մսակերներ» են, արդյո՞ք արյան խումբը կարող է որոշել մարդու առողջությունը կամ բնավորությունը։

Այսօր՝ հունիսի 14–ին նշվում է Արյան դոնորների համաշխարհային օրը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան և բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Արմեն Պետրոսյանի հետ փորձել է պարզաբանել, թե որտեղ են ավարտվում միֆերը և սկսվում գիտական փաստերը։

Ինչու՞ է Դոնորների համաշխարհային օրը նշվում հունիսի 14–ին

Ամսաթիվը պատահական չի ընտրված։ Հենց հունիսի 14–ին է ծնվել ավստրիացի գիտնական Կարլ Լանդշտայները, ով 1900 թվականին բացահայտեց ABO արյան խմբերի համակարգը, ինչը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության համար և հնարավորություն տվեց անվտանգ իրականացնել արյան փոխներարկումներ։

Մարդու արյունը դասակարգվում է հիմնականում ABO համակարգով՝ ըստ էրիթրոցիտների մակերեսին առկա հատուկ անտիգենների։ Այս համակարգում առանձնացվում են արյան չորս հիմնական խմբեր՝ O (I), A (II), B (III), AB (IV)։

Այս համակարգը կարևոր նշանակություն ունի հատկապես արյան փոխներարկման, հղիության ընթացքում հնարավոր ռիսկերի գնահատման և բժշկական մի շարք գործընթացների ժամանակ։

Արյան խմբերի մասին ամենատարածված միֆերը

Միֆ 1․ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ բնածին մսակերներ են, իսկ երկրորդ խումբ ունեցողները՝ բուսակերներ

Տարածված կարծիք կա, որ արյան առաջին խումբ ունեցող մարդկանց օրգանիզմն ավելի լավ է մարսում միսը, և նրանց սննդակարգում պետք է գերակշռեն կենդանական ծագման մթերքները։ Իսկ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ ավելի լավ են յուրացնում բուսական սնունդը, իսկ մսի օգտագործումը նրանց համար ցանկալի չէ։

Արյունաբան․ արյան խմբի և մարդու սննդակարգի միջև գիտականորեն հաստատված որևէ կապ չկա։

Մասնագետը նշում է՝ այս պնդումը չունի գիտական ապացույց։ Չկա որևէ բժշկական ցուցում, ըստ որի՝ սննդակարգը պետք է ընտրվի արյան խմբի հիման վրա։

Միֆ 2․ արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ ամենահարմարվողներն են

Ժողովրդական պատկերացումների համաձայն՝ երրորդ խումբ ունեցող մարդիկ կարող են հեշտությամբ օգտագործել տարբեր տեսակի սնունդ և ավելի լավ են հարմարվում փոփոխություններին։

Արյունաբան․ այս տեսակետը նույնպես գիտականորեն ապացուցված չէ։

Միֆ 3․ արյան չորրորդ խումբ ունեցող մարդիկ ունեն «ամենաբարդ» և յուրահատուկ օրգանիզմ

Չորրորդ՝ AB խումբը հաճախ ներկայացվում է որպես ամենաառեղծվածային կամ բացառիկ խումբ։

Արյունաբան․ իրականում այն պարզապես արյան խմբերից մեկն է։ Թեև AB խումբը, այլ խմբերի համեմատաբար, ավելի հազվադեպ է հանդիպում, դա չի նշանակում, որ չորրոդ խումբ ունեցող մարդիկ ունեն հատուկ առողջական կամ կենսաբանական առավելություններ։

переливание крови

Միֆ 4․ արյան խումբը կարող է որոշել մարդու բնավորությունը

Արյան խմբերի շուրջ տարածված ամենահայտնի միֆերից են բնավորության մասին պատկերացումները։

Ըստ դրանց՝ առաջին խումբ ունեցող մարդիկ առաջնորդներ են, երկրորդ խումբ ունեցողները՝ հանգիստ և կազմակերպված, երրորդ խումբ ունեցողները՝ ստեղծագործ և ազատասեր, իսկ չորրորդ խումբ ունեցողները՝ զգացմունքային և խորհրդավոր։

Արյունաբան․ արյան խումբը չի որոշում մարդու բնավորությունը, մտածողությունը կամ մտավոր կարողությունները։ Այս կապը հաստատող գիտական ապացույցներ չկան։

Միֆ 5․ արյան խումբը որոշում է մարդու առողջությունը

Արյունաբան․ թեև արյան խումբը չի որոշում մարդու առողջությունը, գիտական ուսումնասիրություններում հայտնաբերվել են որոշ վիճակագրական կապեր տարբեր հիվանդությունների ռիսկերի հետ։

Օրինակ՝ O (I) խմբի մարդկանց մոտ սովորաբար ավելի ցածր է երակային թրոմբոզների ռիսկը, մինչդեռ A (II), B (III) և AB (IV) խմբերի դեպքում որոշ մակարդման գործոններ կարող են լինել ավելի բարձր, ինչի հետևանքով թրոմբոզների հավանականությունը փոքր-ինչ մեծանում է, պարզաբանում է արյունաբանը։

Մասնագետը նշում է, որ որոշ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ O խմբի մարդկանց մոտ կարող են ավելի հաճախ հանդիպել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր, իսկ A խմբի դեպքում որոշ ուռուցքային հիվանդությունների ռիսկը կարող է փոքր-ինչ բարձր լինել։

Միևնույն ժամանակ Պետրոսյանն ընդգծում է՝ արյան խումբը միայն բազմաթիվ ռիսկային գործոններից մեկն է և չի կանխորոշում հիվանդության զարգացումը։

Միֆ 6․ երեխան չի կարող ունենալ ծնողներից տարբերվող արյան խումբ

Արյունաբան․ երեխան ժառանգում է արյան խմբի գեները երկու ծնողներից, և արդյունքում կարող է ունենալ նրանցից տարբերվող խումբ։

Օրինակ՝ A խումբ ունեցող հայրը և B խումբ ունեցող մայրը կարող են ունենալ A, B, AB կամ O խմբով երեխա։

Մասնագետն ընդծում է, որ կան նաև սահմանափակումներ․ օրինակ՝ եթե երկու ծնողներն ունեն O (I) խումբ, երեխան չի կարող ունենալ A, B կամ AB խումբ։ Իսկ եթե երկու ծնողներն ունեն AB խումբ, երեխան չի կարող ունենալ O խումբ։


счастье, семья

Միֆ 7․ ազգերին բնորոշ չէ արյան կոնկրետ խումբ

Արյունաբան․ տարբեր ժողովուրդների և տարածաշրջանների շրջանում արյան խմբերի տարածվածությունը կարող է տարբեր լինել։

Նրա խոսքով, O խումբը շատ տարածված է Հարավային և Կենտրոնական Ամերիկայի որոշ բնիկ ժողովուրդների շրջանում, B խումբը համեմատաբար ավելի հաճախ է հանդիպում Կենտրոնական և Հարավային Ասիայի որոշ բնակչությունների մոտ, իսկ A խումբը լայն տարածում ունի Եվրոպայի բազմաթիվ երկրներում։

Ամենակարևորը, ինչ պետք է հիշել.

Արյան խումբը չի որոշում մարդու բնավորությունը, ունակությունները, ինտելեկտը կամ կյանքի ուղին։

Յուրաքանչյուր խումբ ունի իր առանձնահատկությունները, բայց չկա «լավագույն», «ուժեղագույն» կամ «ավելի արժեքավոր» արյան խումբ

Իսկ ամենակարևորն այն է, որ հենց դոնորական արյունն է ամեն օր օգնում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհում։ Եվ այն պացիենտի համար, ում արյան փոխներարկում է անհրաժեշտ, վճռորոշ նշանակություն ունեն ոչ թե արյան խմբի մասին միֆերը, այլ դոնորի և ռեցիպիենտի բժշկական ցուցանիշների ճշգրիտ համապատասխանությունը։